Ո՞վ է ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարը․ ուսանողները պահանջներ ունեն

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ջաբա Սամուշիայի ընտրությունն ընթացավ համալսարանում` մի խումբ ուսանողների աղմկոտ բողոքի ուղեկցությամբ։ Առաջիկա ամիսների ընթացքում բուհը կընտրի ռեկտորին, սակայն ուսանողներն ունեն որոշակի պահանջներ ռեկտորի ընտրության և նրա հետագա ծրագրերի կապակցությամբ։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, չնայած ուսանողական խորհրդի պահանջին, որ փոխվի ռեկտորի ընտրության եղանակը, ընտրվեց գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը՝ 6 ամիս ժամկետով։

Ջաբա Սամուշիան 2010-2014 թվականներին եղել է Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահի տեղակալը։ 2010 թվականին Գիորգի Թարգամաձեի «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության ցուցակով դարձել է սակրեբուլոյի անդամ։ 2013 թվականին Սամուշիան լքեց «Քրիստոնյա դեմոկրատներ» խմբակցությունը և միացավ «Վրացական երազանքին»։ 2014 թվականին Սամուշիան երկրորդ ժամկետով՝ «Վրացական երազանքից» ընտրվել է սակրեբուլոյի անդամ, իսկ մինչև 2017 թվականը ղեկավարել է գույքի կառավարման և ֆինանսաբյուջետային հանձնաժողովը։ 2018 թվականից Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական ​​հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալն է, 2020 թվականի օգոստոսից՝ նույն հիմնադրամի գլխավոր տնօրենը։

Ուսանողները պահանջում են լուծարել գիտխորհուրդը, որն, ըստ նրանց, չի ներկայացնում ուսանողների և դասախոսների շահերը։ Նրանց կարծիքով՝ թե՛ ռեկտորի պաշտոնակատարին, թե՛ հենց ռեկտորին պետք է ընտրի ողջ անձնա​կազմը, ոչ թե միայն գիտխորհուրդը, որը «կլան է դարձել»։

«Եթե ես կարողանամ անել այն, ինչ ուզում եմ անել այս ժամանակահատվածում, իհարկե, կցանկանամ ապագայում առաջադրվել, բայց եթե չկարողանամ և տեսնեմ, որ այդ խնդիրներն այնպիսին են, որ ինքս չեմ կարող լուծել, այդ դեպքում չեմ պատրաստվում առաջադրվել։ Ես սա ձեզ լրիվ անկեղծ եմ ասում։ Ինձ համար համալսարանն ու նրա հեղինակությունն այնքան մեծ են, որ մարդիկ երբեք չպետք է ինչ-որ աթոռի պատճառով անտեսեն դա։ Սա վիրավորական է հենց բուհի և համալսարանական հանրության համար։ Ուզում եմ անկեղծ լինել, այսօր այդ հարցում չեմ կողմնորոշվել»,- ասել է Ջաբա Սամուշիան։

Մայիսին, մշտական դարձած բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Գոգոլաձեն, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ տվյալ պահին բողոքի ցույցեր չեն անցկացվում, սակայն ուսանողների մեծ մասը կողմ է, որ ռեկտորին ընտրեն ավելի թափանցիկ ձևով, և ուսանողները նույնպես արտահայտեն իրենց կարծիքը․

«Բուհում առկա խնդիրները, որոնց ուշադրություն դարձնելը շատ կարևոր է ոչ միայն մեր` ուսանողներիս, այլև համալսարանի անձնակազմի և մեր երկրի բարձրագույն կրթության ոլորտի համար, քանի որ ԹՊՀ-ն Վրաստանի մայր բուհն է, և նման խնդիրները, այսպես ասած, հարիր չեն նրան։ Ուսանողներին անհանգստացնող հիմնական խնդիրներն են` ուսանողական կացարանների կառուցումը, համալսարանի ենթակառուցվածքների վերանորոգումը, ուսուցման մակարդակի բարձրացումը և տեխնիկական խնդիրներին ավելի արագ և արդյունավետ արձագանքումը։

Բնականաբար, այս խնդիրների լուծման հարցում շատ կարևոր է ռեկտորի դերը», — ասաց ուսանողը։

Գոգոլաձեն դժգոհում է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացն անցավ ուսանողների համար անընդունելի կերպով, հույս է հայտնում, որ մինչև մայիս անցկացվելիք ընտրությունները կբխեն նաև ուսանողների հետաքրքրություններից ու շահերից․

«Մեկ այլ պատճառ էր նաև, որ համալսարանի ռեկտորը կարող էր դրսևորել քաղաքական կամք, բոլորիս ցանկալի է որ կրթությունը չքաղաքականացվի, այսինքն` չկառավարվի որևէ քաղաքական ուժի կողմից։ Հուսով եմ, ռեկտորի ընտրությունը կընթանա մի քանի թեկնածուների մասնակցությամբ, և ընտրությանը գոնե դասախոսները կմասնակցեն»։

«Պալիտրանյուս» հեռուստատեսության հաղորդավար և վերլուծաբան Մերաբ Մետրևելին ռեկտորի ընտրության մասին հայտնեց իր կարծիքը․

«Մեկ հոգի դիմել է ԹՊՀ ռեկտորի պաշտոնի համար։ Ի՞նչ եք կարծում, ուրիշ ոչ ոք չի՞ ուզում ղեկավարել այդ պաշտոնում։ Հասկանալի է, թե ինչու նման բան կատարվեց: Բոլորը նախապես գիտեն, թե ով է դառնալու ռեկտոր, և չեն ցանկանում մասնակցել նախապես պարտված մարտին։

Սա «Վրացական երազանքի» վարած ժողովրդավարությունն է»։

Նրա խոսքով կրթության շատ օջախներ այժմ քաղաքականացման եզրին են կանգնած, դպրոցն ու բուհը` նույնպես։ Մետրևելին կոչ է անում․ «Եկեք պայքարենք կրթության ապաքաղաքականացման համար»։

Նշենք, որ ԹՊՀ նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։ Նա երկրորդ ժամկետով ընտրվել է 2020 թվականի օգոստոսին՝ 4 տարով, այսինքն` Շարվաշիձեն ռեկտորի պաշտոնում կարող էր մնալ մինչև 2024 թվականը։

Թբիլիսիի պետական համալսարանը կառուցվել է 1918 թվականին, Կովկասյան տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է։ Համալսարանն ունի շուրջ 35 հազար ուսանող և մոտավորապես 5 000 աշխատակից։