Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանից ՌԴ արտահանումը նվազել, ներմուծումն ավելացել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) այսօր հրապարակել է մարտ ամսին Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո՝ Վրաստանում ավելացել է Ռուսաստանից ներմուծումն ու դրան հատկացված գումարի չափը։

Մասնավորապես, մարտին Վրաստանը գնել է 91,6 մլն դոլարի ռուսական ապրանք, ինչը 2,2 մլն դոլարով (2,5 տոկոս) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ըստ Geostat-ի՝ Ռուսաստանից հիմնականում ներմուծվել են էներգակիրներ՝ նավթ, բնական գազ և էլեկտրաէներգիա։ Ներմուծման համար հատկացված գումարի աճը հիմնականում պայմանավորված է եղել էներգակիրների գների բարձրացմամբ։ 

Վրաստանը Ռուսաստանից պատերազմի մեկնարկից հետո գնել է.

  • նավթ և նավթամթերք՝ 21,9 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 89 տոկոսով ավել,
  • էլեկտրաէներգիա՝ 7,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 227 տոկոսով ավել,
  • կիսակոքային ածուխ՝ 5,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 184 տոկոսով ավել։ 

Մարտին Վրաստանը Ռուսաստան է արտահանել 16,9 մլն դոլարի ապրանք, ինչը 56 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Եթե ​​2021 թվականի մարտին Ռուսաստանն արտահանել է 9,5 մլն դոլարի գինի, ապա այս տարի արտահանումը կազմել է 5,4 մլն դոլար։ Բացի այդ, նախորդ տարվա մարտին Ռուսաստան է արտահանվել 9,8 մլն դոլարի ֆեռոհամաձուլվածք, մինչդեռ այս տարվա մարտին մանգանից արտադրանք չի արտահանվել Ռուսաստան։ 

Վրաստանը մարտին Ռուսաստան է արտահանել. 

  • բնական խաղողի գինիներ՝ 5,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 44 տոկոսով,
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 4,9 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 15 տոկոսով,
  • սիգարետ՝ 0,9 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 14 տոկոսով,
  • սպիրտ՝ 0,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 69 տոկոսով,
  • գազավորված ըմպելիք՝ 0,7 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 57 տոկոսով։ 

Նշենք նաև, որ դեպի Ուկրաինա վրացական ապրանքների արտահանումն 93 տոկոսանոց անկում է գրանցել։ Եթե ​​2021 թվականին Վրաստանից Ուկրաինա արտահանումը կազմել է 24,6 մլն դոլար, ապա այս տարի այն կազմել է 1,8 մլն դոլար, որից 1,3 մլն դոլարը եղել է ոչ թե ուղղակի արտահանում, այլ մարդասիրական օգնություն։