Ուկրաինայի դեսպանը Թբիլիսի կվերադառնա միայն Վրաստանի աջակցության դեպքում. Զելենսկի

Կիևը իր դեսպանին Թբիլիսի կվերադարձնի այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները աջակցություն ցույց տան Ուկրաինային։ Այս մասին Կիևում միջազգային և ուկրաինական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք միանշանակ չենք ցանկանում հակամարտություններ Վրաստանի հետ։ Վստահ եմ, որ երբեք չեն լինի…»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ վրաց ժողովրդին համարում է եղբայրական և «ուկրաինացիների համար իսկապես մտերիմներից մեկը», սակայն վրացական պետության ղեկավարների դիրքորոշումն իր համար անհասկանալի է։

«Ես չեմ հասկանում, թե ինչու պատժամիջոցներ չեն սահմանվում։ Ես լսել եմ «մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը» ուղերձը։ Ի՞նչ տնտեսություն։ Նրանք (խմբ. Ռուսաստանը) արդեն վերցրել են Վրաստանի տարածքի մի մասը, գրեթե հասել են Թբիլիսի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։

Երկու շաբաթ անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ արեց իր գործընկերոջը վերանայել որոշումը և Ուկրաինայի դեսպանին վերադարձնել Թբիլիսի։ Չնայած դրան, մարտի 31-ին Զելենսկին հայտարարեց դիվանագետին Վրաստանից հետ կանչելու պաշտոնական հրամանագրի ստորագրման մասին։

Ուկրաինայում տեղի ունեցողը բացարձակապես անընդունելի է. Ղարիբաշվիլի