Ուկրաինայում ռուսական կողմից կռվող օս կամավորներին պետք է կարգավիճակ շնորհվի. դե ֆակտո պաշտպանության նախարար

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պաշտպանության նախարար Վլադիմիր Փուխաևը, ով պաշտոնական «աշխատանքային այցով» գտնվում է Դոնեցկում, ռուսական պետական ​​TASS  գործակալությանն ասել է, որ Ուկրաինայում ռուսական կողմից կռվող օս կամավորներին պետք է կարգավիճակ շնորհվի։

Ըստ Փուխաևի՝ աշխատանքը ճիշտ համակարգելու նպատակով օս կամավորների ստորաբաժանումը պետք է անմիջական կապի մեջ լինի Հարավային Օսիայի 4-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարության հետ։

«Դոնբասում շատ կամավորներ կան Հարավային Օսիայից։ Երբ ես հանդիպեցի նրանց, ինձ հայտնի դարձավ, որ նրանք բախվում են հսկայական խնդրի, նրանց նկատմամբ սխալ ընկալումներ կան ու նրանց ներգրավվածությունը ճիշտ չի կազմակերպվում: Սա կամավորական ստորաբաժանում է, որը բաղկացած է հարավաբնակ և հյուսիսաբնակ օսերից, և նրանք պետք է կարողանան օգնել իրենց հայրենակիցներին մարտի դաշտում»,- ասել է Փուխաևը:

Փուխաևի խոսքով՝ ինքն ամեն ինչ կանի «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ համապատասխան որոշումների հասնելու համար։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ունի 4-րդ ռազմաբազան, որտեղ տեղաբնակները ծառայում են պայմանագրային հիմունքներով։ 

Կարդացեք նաև՝

Ռուս-ուկրաինական պատերազմում Ցխինվալիից 7 զինվոր է զոհվել

«Հարավային Օսիայի Ղրիմացում», թե՞ ճնշումներ Վրաստանի վրա. Ռուսաստանի նախաձեռնած «նոր անեքսիան». կարծիքներ

Ցխինվալիից զորք է ուղարկվել Ուկրաինա