Ուռուտ-Պրիվոլնոյե-Աղքյորփի ճանապարհը կվերանորոգվի․ Պապիկյան

Հայաստանի կողմից Աղքյորփի գյուղի ուղղությամբ (Վրաստանի սահման) այս տարի ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարվում են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 3-ին հանդիպում ունեցավ վիրահայության հետ։ Հանդիպումը հարց-պատասխանի ֆորմատով էր, որի ընթացքում էլ հնչեցին համայնքին հուզող հարցեր։

Հանդիպմանը Մառնեուլիի շրջանի Խոխմել գյուղից Վաղինակ Մամուլյանը Սադախլո-Աղքյորփի-Պրիվոլնոյե միջպետական ճանապարհների վերաբերյալ հարց ուղղեց, որին ի պատասխան Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․

«Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կողմից այդ ուղղությամբ այս տարի ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարվում են։ Խոսքը վերաբերվում է Ուռուտ և Պրիվոլնոյե գյուղերի ճանապարհներին։ Գիտեք, որ Պրիվոլնոյե գյուղից ուղիղ ճանապարհ կա դեպի Աղքյորփի գյուղ։ Մենք կվերանորոգենք այդ ճանապարհը և եթե մեր գործընկերները Աղքյորփիի ուղղությամբ աշխատանքներ են տանում, կդիտարկենք հաջորդ տարվա ընթացքում նաև այդ մասը մեր կողմից կառուցելու տարբերակը», — հայտարարեց Սուրեն Պապիկյանը։