Ուժային կառույցների աշխատավարձը կբարձրանա

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանների ու զինվորների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի վերլուծության ու առաջարկությունների փաստաթղթում։

Նշենք, որ սա բյուջեի նախնական տարբերակն է և մինչև վերջնական հաստատումը երկու անգամ կվերադարձվի կառավարություն՝ փոփոխությունների համար։

«ՊԱԾ-ի ֆինանսավորումն ավելանում է 25 մլն լարիով և կհասնի 205 մլն լարիի։ Աճը պայմանավորված է համակարգում աշխատողների աշխատավարձերի 20 տոկոսով բարձրացմամբ։ Աշխատողների թիվը չի ավելանա, կպահպանվի համակարգում աշխատող 3 850 աշխատողների թիվը:

Պետական ​​հատվածի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան առնվազն 10 տոկոսով։ Սակայն, ոստիկանների ու զինվորների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով»,- նշված է TI-ի զեկույցում: