Ոչ և երբեք. նախագահը՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհի։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարեց արտակարգ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ այլևս չի անդրադառնա այս հարցին։

Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ Սաակաշվիլիին պետք է հատուկ բանտարկյալ համարել, իսկ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրա առողջությունն ապահովելու համար։

«Քանի դեռ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն և անփոփոխ է՝ ոչ և երբեք։ Նախկին նախագահը չի համապատասխանում քաղբանտարկյալի կամ անմեղ զոհերի որևէ չափանիշի։ Նա երկիր ինքնակամ և ապօրինի մուտք գործած դատապարտյալ է, ում մուտքի նպատակը երկրում ապակայունացում առաջացնելն էր», — ասել է Զուրաբիշվիլին:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, երբ իրավապահները ձերբակալեցին Սաակաշվիլիին, Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ ճեպազրույց անցկացրեց և հայտարարեց, որ նրան ներում չի շնորհելու։

«Երկրի նախագահի համար, իհարկե, հաճելի չէ, երբ նախկին նախագահին ձերբակալում են տեսախցիկների առջև, բայց օրենքը և օրենքի գերակայությունը դա են պահանջում», — հոկտեմբերի 1-ին հայտարարեց Զուրաբիշվիլին:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից գտնվում է Ռուսթավի քրեակատարողական հիմնարկում։ Այդ պահից նա հացադուլի մեջ է։ Փաստաբանների ու նրա անձնական բժշկի խոսքով՝ նրա վիճակը գնալով վատանում է։