«Ողջո՜ւյն, Պառնասի գլխից սրբազան»․ Փարիզաբնակ դերասանների խաղը Թբիլիսիում․ Լուսանկարներ

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ Թբիլիսիի հայ հանդիսատեսին ներկայացվեց «Ողջո՜ւյն, Պառնասի գլխից սրբազան» ներկայացումը։ 

Սա Թումանյանական «Անուշի» եւ «Պոետն ու մուսայի»  հիման վրա ստեղծված ներկայացում է, մտահղացման հեղինակը  դերասան, պրոդյուսեր Արթուր Խաչոյանն է, սցենարի հեղինակն ու բեմադրիչը՝   ռեժիսոր Լեւոն Ուզունյանը։ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության հիմքեր դրվել են 2013 թվականին, երբ Լևոն Ուզունյանը տեսակապի միջոցով բեմադրեց «Դուք  ողջ լինեք» -ը: Ներկայացումը հաջողությամբ հանձնվեց Փարիզի ու Թբիլիսիի հանդիսատեսի դատին: Լևոն Ուզունյանն ասում է, որ հեռահար աշխատելն  ավելի մեծ դժվարություն է ստեղծում դերասանի համար․ «Այստեղ մեծ բեռը մնում է նրանց ուսերին, քանի  որ ռեժիսորը չի կարող բեմ դուրս գալ, ցույց տալ՝ ինչ պետք է անել, ու դերասանին մնում է ինքնադրսևորվել։ Իսկ Անուշն այսօր էլ ասելիքով լի է։ Հարաբերությունների, դրանց կորստի առումով։ Երբ կարելի է խելագարվել կամ կյանքը տալ սիրո համար։ Այսօր հարաբերությունները երբեմն առավել սառն են, ու դրանք վերականգնել դժվար է, իսկ պոետ լինելը վտանգավոր է», -ասում է Ուզունյանը։

Դերասաններն  ասում են` սկզբում տարօրինակ  զգացողություն կար, համակարգիչն անզոր է լիարժեք փոխանցել ռեժիսորի էներգիան, զգալ դերասանին ևս հեշտ չէ: Այս ելքը ևս գտել են: Պրեմիերայից օրեր առաջ հրավիրում են բեմադրիչին, արվում են վերջնական շտկումները, լրացվում են բացերը: Դերասանուհի Պատրիսիա Ենգոյանի համար, օրինակ՝ առցանց աշխատելն ավելի մեծ ազատություն է։ Նրան Արթուր Խաչոյանի հետ ոչ միայն  բեմն է կապում։ Դերասաններն ամուսիններ են, ներկայացումների փորձերը հաճախ արվում են հենց ընտանեկան հարկի տակ, որն ավելի մեծ ուժ է տալիս։ Ներկայացումները փոքրիկների հետ են համեմատում, որոնց կյանք տալ, փայփայել, զարգացնել է պետք․

«Նպատակ ունենք՝ վերածնենք թատրոն այցելելու ավանդույթը։ Սա չի նշանակում, թե հայերը չեն սիրում թատրոն գնալ, ոչ, ուղղակի սովորությունն են կորցրել, քանի որ 10-յակ տարիներ Փարիզում չի գործել հայկական թատրոն, ներկայացումներ չէին բերվում, մի քանի անգամ փորձեր արվել են, բայց դա էլ համբերության հետ է կապված, ֊ասում է Խաչոյանը,_ 2012 թվականից մենք սկսել ենք այս գործը, իսկ անցած տարի նոր ուժով սկսեցինք ստեղծագործել, առիթը դարձավ Լոռու թատերական փառատոնը, որին մասնակցելու հրավեր հրավեր ստացանք։ Այս ներկայացման պրեմիերան հենց Ալավերդիում խաղացինք, հետո՝ Վանաձորում։ Սակայն չցանկացանք, որ այն դառնա միայն փառատոնի ներկայացում, այն պետք է ապրի, նոր ծնված երեխա է, պետք է հասունանա, նաև Փարիզում ենք խաղացել՝ առաջին անգամ, Եվրոպական տարբեր երկրների հայաշատ քաղաքներում ներկայանալու նպատակ ևս կա»։ 

Արթուր Խաչոյանը, ով նաև Ֆրանսիայում հայկական թատրոնի հիմնադիրների ասոցացիայի ղեկավարն է,  ասում է՝ այլ բան է և հեշտ է, երբ դու ինչ-որ չափով ճանաչված ու կայացած ես, ավելի դժվար է, երբ զրոյից նորն ես ստեղծում՝ մեկդարյա ընդմիջումից հետո։ Արթուր Խաչոյան- Պատրիսիա Ենգոյան զույգը նախկինում Թբիլսիի հայկական թատրոնում է նաև ստեղծագործել։ Նրանք այժմ  ներկայացումների բեմադրությունների, հյուրախաղերի համար ընտանեկան միջոցներն են ներդնում։ Սա է նաև պատճառը, որ մասսայական բեմադրություններ դեռևս չեն արվում։ Մեծ ցանկություն ունեն ֆինանսական խնդիրներ լուծել ու ավելի մեծ խմբեր հրավիրել, մոնո կամ դուետ ներկայացումներից զատ նաև այլ հետաքրքիր գործեր բեմադրել։ Այս տարիների ընթացքում հանդիսատեսն ավելի շատ է սկսել ճանաչել, կապեր են ստեղծվել, ստեղծագործական հեռանկարներն ավելացել են։ Տարիներն ավելացնում են նաև էներգիան ու ավելին ստեղծելու ցանկությունը։ Վերջնական գաղափարը՝ Փարիզում մշտապես գործող  հայկական թատրոն ունենալն է։