Գորիում ոստիկանների բռնությունից տուժած տղամարդը` Պապունա Լոցուլաշվիլին, ազատության մեջ է, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործը դեռևս չի կարճվել, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Պապունա Լոցուլաշվիլիի փաստաբան Լաշա Տկղեշելաձեն։
Փաստաբանի խոսքով՝ եթե ոստիկանության կատարած բռնություն ցուցադրող տեսանյութը չլիներ, հետևանքն այլ կլիներ. «Այդ տեսանյութը հնարավորություն տվեց ասելու, որ Պապունան ազատության մեջ է»։
Լոցուլաշվիլին երեկ երեկոյան տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նրան հետազոտել են։ Տղամարդը մի քանի ժամ անց՝ ուշ գիշերը, լքել է բժշկական հաստատությունը։
Երեկ՝ մայիսի 27-ին, տարածաշրջանային qartli.ge լրատվամիջոցը հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Գորիում մի քանի ոստիկան հարձակվում մի տղամարդու վրա։