Կաթողիկոս-Պատրիարքն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին

Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի Արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աֆխազեթի Միտրոպոլիտ Շիո III-ը Պատրիարքական նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին։

«Սույն թվականի մայիսի 27-ին Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի Արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աֆխազեթի Միտրոպոլիտ Շիո III-ը Պատրիարքական նստավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչներին։

Կաթողիկոս-Պատրիարքին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներ Չարլզ Յոքը և Փիթեր Անդրեոլին, նաև նրանց ուղեկցող անձինք և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելը։

Հանդիպմանը ներկա էին Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիճաշվիլի), Զուգդիդիի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմեն (Շարաշենիձե), Գորիի և Ատենի միտրոպոլիտ Անդրիան (Գվազավա), Վրաց Ուղղափառ Եկեղեցու պրոտոպրեսվիտեր Գիորգի Զվիադաձեն, Կաթողիկոս-Պատրիարքի քարտուղար, ավագ քահանա Միքայել Բոտկովելին, Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն, նրա տեղակալ, ավագ քահանա Գուրամ Ճարելաշվիլին և այլ անձինք։

ԱՄՆ պատվիրակության անդամները շնորհավորել են Վրաց Եկեղեցու առաջնորդին Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության կապակցությամբ և մի քանի անգամ ընդգծել Ուղղափառ Եկեղեցու դերը Վրաստանի պատմության ընթացքում։ Զրույցը վերաբերել է նաև երկու երկրների հարաբերություններին և նրանց ընդհանուր քրիստոնեական արժեքներին։ Կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը և ամրապնդելու այդ արժեքները։

Նշենք, որ այս տարի Վրաստանում նշվում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Այս տարեթվի կապակցությամբ պլանավորված միջոցառումներին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը հրավիրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պատվիրակությանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել Նորին Սրբությանը և Երանությանը ջերմ ընդունելության համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։