Վրաց-գերմանական համագործակցությունը՝ Ղարիբաշվիլի-Ֆիշեր հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերին, հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի ու Գերմանիայի հարաբերություններին և համագործակցության հետագա հեռանկարներին։ Հույս է հայտնվել, որ նոր դեսպանի գործունեությունը կնպաստի Վրաստանի ու Գերմանիայի միջև ավանդական ամուր և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Ընդգծվել է, որ Վրաստանին և Գերմանիային կապում են բարեկամական հարաբերությունները և վստահելի գործընկերությունը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Գերմանիայի աջակցության կարևորությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Տանյա Հաթը։