Վրացական այբուբենով ձևավորված տրամվայ Ստրասբուրգում․ լուսանկարներ

Ստրասբուրգի փողոցներում վրացական այբուբենով ձևավորված տրամվայ կգործի՝ կապված Եվրոպայի խորհրդրի Նախարարների կոմիտեի նախագահության հետ:

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի նախագահության զինանշանով և վրացական այբուբենի տառերով զարդարված տրամվայի բացումը տեղի ունեցավ Ստրասբուրգի «Droits de l’homme» կանգառում:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Ստրասբուրգի քաղաքապետի տեղակալը և Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչը կտրեցին ժապավենը:

Առաջին հյուրերը տրամվայով ճանապարհորդեցին «Droits de l’homme»-ից դեպի Հանրապետության հրապարակ:

Տրամվայը կգործի Ստրասբուրգի փողոցներում 6 ամիս շարունակ:

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Վրաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում նախագահությունը Ֆրանսիան փոխանցել է Վրաստանին։