Վրացական Bassiani-ն համերաշխություն է հայտնում երևանյան Poligraf-ին

Վրաստանի Bassiani գիշերային ակումբը քննադատել է Երևանի հայտնի Poligraf տեխնո ակումբի փակումը:

«Մեզ անհանգստացնում է Երևանի ամենանշանավոր տեխնո-ակումբ՝ Poligraf, անցած շաբաթ օրը հատուկ ծառայությունների ներխուժման փաստը, որի արդյունքում ակումբը փակվեց ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Թբիլիսիում 2018 թվականին»,- նշված է Bassiani-ի տարածած հաղորդագրության մեջ:

Bassiani-ն նշում է՝ Poligraf-ը նվիրյալ համայնքի տարածք է, որն ամբողջ սրտով ապրում է, զբաղվում և նոր կյանք է հաղորդում Հայաստանի երիտասարդությանը և ոչ գերիշխող մշակույթին՝ կամրջելով հասարակության տարբեր խմբերին և դրանով իսկ վերստեղծելով սոցիալական հյուսվածքը՝ հիմնված միասնության, հավասարության և համերաշխության վրա:

«Պարահրապարակներն այն վայրերն են, որտեղ սկիզբ է առնում համերաշխության, հավասարության և միասնության մշակույթը: Ապահով տարածք է առաջարկվում հեգեմոն, ճնշող համակարգից հեռացվածների համար: Մի վայր, որտեղ հնարավոր է հասնել լայն հասարակական կոնսենսուսի, հաշտեցման և վստահության՝ հաշվի առնելով բազմազանությունն ու առանձնահատկությունը»,- նշել են Bassiani-ից:

Թբիլիսյան ակումբը կարծում է՝ երբ արգելվում է պարելու իրավունքը, բռնագրավվում է փոփոխության հզոր զենքը, հետևաբար, այն պետք է հետ բերել այնտեղ, որտեղ պետք է լինի՝ պարահրապարակ:

Bassiani-ն լիակատար համերաշխություն ու աջակցություն է հայտնում Poligraf-ին՝ ուժ մաղթելով հայկական էլեկտրոնային երաժշտության և ակումբային համայնքներին.

«Հուսով ենք, որ բոլորն ամուր կկանգեն՝ պաշտպանելու այն, ինչ ձեռք է բերվում միայն կանգնելով, պարելով և միասին պայքարելով»:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող Poligraf ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները նմանատիպ հատուկ գործողություն իրականացրին Թբիլիսիի երկու ակումբներում՝ «Գալերիում» և «Բասիանիում» 2018 թվականի մայիսի 12-ին, կեսգիշերին։ Ըստ ՆԳՆ-ի՝ թմրանյութ վաճառելու մեղադրանքով ձերբակալվել էր 8 մարդ:

Այս ամենին հաջորդեցին We dance together, We fight together կարգախոսով ակցիաները Վրաստանի տարբեր քաղաքներում: 2018 թվականի մայիսի 23-ին արդեն Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարեց, որ ավարտել է իր հետաքննական գործունեությունը Bassiani-ում և թույլատրել հիմնադիրներին մտնել ակումբի տարածք. ակումբը գործունեությունը վերսկսել է 2018-ի հունիսից: