Վերանորոգված Ճավճավաձեի պողոտան քաղաքացիների մի մասի «սրտով չէ». Տեսանյութ, լուսանկարներ

Թբիլիսիի կենտրոնական՝ Իլիա Ճավճավաձեի պողոտայում երթևեկությունն օգոստոսի 1-ից գործում է նորացված սխեմայով. սկսել են շահագործվել նոր տեղադրված լուսաֆորները, հետիոտնի համար ստեղծվել են լրացուցիչ անցումներ, հատուկ անցումներ են գծվել նաև հեծանվորդների համար,  պողոտայի մայթերում հասանելի են հեծանվուղիներ: Գլխավոր փոփոխությունը վերաբերում  է կենտրոնական ճանապարհին․ փաստացի, ավտոբուսների և երթուղային տաքսիների, ինչպես նաև շտապ օգնության մեքենաների երթևեկելի գիծը «տեղափոխվել է» ճանապարհի կենտրոն: Այսպիսով, հանրային տրանսպորտն ու ավտոմեքենաները նույն փողոցում միմյանց հանդիպակաց են երթևեկում․ մեկական գիծ տրամադրված է անձնական մեքենաների վարորդներին, ճանապահի մնացած հատվածը հանրային տրանսպորտինն է:

Առաջին հայացքից 15 մլն լարի արժեցող այս նորույթը, որը քաղաքացիների դատին հանձնվեց 1 տարի վերանորոգողական աշխատանքներից հետո, թվում է՝ դրական փոփոխություն է, սակայն հանրային տրանսպորտի սպառողներն ու ավտոմեքենաների վարորդներն այլ կարծիքի են:

Ալիք Մեդիան այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղում փոքրիկ հարցում է անցկացրել՝ խոսել ենք ավտոմեքենաների, հանրային տրանսպորտի վարորդների, ինչպես նաև ուղևորների հետ:

Ալիք Մեդիայի ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ 

Ի սկզբանե նախագծի հիմնական նպատակն է եղել թեթևացնել երթևեկությունը, նվազեցնել խցանումները, սակայն նոր փոփոխությունները կարծես թե էապես ոչինչ չեն փոխել: Ավելին, ուղևորները պատմում են՝ պատահել է, որ մի քանի հոգի շփոթվել ու սխալ ուղղությամբ է ավտոբուս նստել, իսկ վարորդները սխալմամբ մեխանիկորեն վարում են ավտոբուսի գծի երկայնքով:

Կան նաև ծրագրից գոհ քաղաքացիներ։ Երթուղային տաքսու մի վարորդ մեզ հետ զրույցում նշեց. «Սա հրաշալի հնարավորություն է հանրային տրանսպորտի համար, լավ որոշում է»:

Մեծ աղմուկ բարձրացրած Ճավճավաձեի պողոտայի շահագործման հարցը խոսելու առիթ է տվել նաև ընդդիմադիրներին: Ալեկո Էլիսաշվիլին, օրինակ, հայտարարել է. «Չուզեցիք, որ քաղաքապետ դառնամ, հիմա Ճավճավաձեում կողմնացույցի օգնությամբ շարժվեք»: Քննադատող հոդվածներ են հրապարակվել նաև  առցանց մամուլում: Սոցիալական ցանցերում էլ քաղաքացիների կարծիքները կիսվում են․ մի մասը դժգոհում է անձնական ավտոմեքենաների վարորդների հանդեպ «խտրականությունից», մյուսը՝ հավանաբար հետիոտները, գոհ են նոր փոփոխութուններից:

Հետիոտների համար, ի դեպ, վերանորոգվել են նաև անցումները: Նշենք, այս տարածքում է տեղակայված  Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի, ինչպես նաև Իլիայի անվան պետական համալսարանների մասնաշենքերի մեծ մասը: Այս պատճառով անցումներից մեկն, օրինակ թեմատիկ գրաֆիտիներով է պատվել, անցումի պատերին պատկերված են ԹՊՀ-ի լոգոն, հիմնադիր հայրերը:

Ինչ վերաբերում է պաշտոնական հայտարարություններին՝ փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն լրագրողների հետ զրույցում ասել է՝ «Անձնական մեքենաներին աջակցելը երբեք չի մտել և չի կարողանա մտնել մեր քաղաքականության մեջ»:

Խմալաձեն նախագծի՝ ուժի մեջ մտնելու առաջին օրը սխալ է համարում գնահատականներ տալը․ «Երթևեկությունն ամբողջովին փոփոխվել է, ադապտացվելը մեկ օրում բավականին դժվար է, սրա համար ժամանակ է հարկավոր»: