Թուրքիան խնդրում է մաքսակետը Կարծախից Ախալքալաք տեղափոխել

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված խնդիրներ կան, դրանք մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրներ են», — նախօրեին Բաթումիում ասել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայը: Գրում է «Բաթումելեբի» լրատվականը։

Հուլիսի 7-ին, Բաթումիում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր:

«Մենք կցանկանայինք, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային բոլոր ընթացակարգերը: Որքան գիտեմ, դրա հնարավորությունը տարածքային առումով Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններ ենք իրականացնում Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այդ հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: [Կարծախիում] Որքան ես գիտեմ, սահմանին մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածքներից, ինչը սպասելու պատճառ է դառնում: Հետևաբար, եթե [Կարծախից] 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախալքալաքում մաքսային ընթացակարգեր իրականացվեն, շատ ավելի հեշտ կլինի », — բացատրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարը, թե ինչու է թուրքական կողմը խնդրում մաքսատները Ախալքալաք տեղափոխել:

Մաքսային կոմիտեի նիստը վարում էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան: Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ նա ասել է, որ հարցը դրական լուծում կստանա:

«Ինչ վերաբերում է Ախալքալաքում մաքսազերծմանը, ապա, անկեղծ ասած, ես ամբողջությամբ ներգրավված չէի գործում: Ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ապագայում, վստահ եմ, որ մենք դրական որոշում կկայացնենք», — Ռիզա Թունա Թուրագային ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար   Լեւան Կակավան:

Մաքսային կոմիտեի նիստից հետո «Բաթումելեբի» լրատվամիջոցը խոսել է Թուրքիայի առևտրի փոխնախարարի հետ` հարցնելով, թե ինչու է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք։

«Կարծախիում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգերը և այլևս ուշացումներ չլինեն:

Կարծում ենք, որ եթե Ախալքալաքում մաքսային գործողություններ իրականացվեն, ապա այդ ընթացակարգերը կարագանան», — ասել է Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայը: