Վրացական կողմը ցուցահանդեսին «Ղարաբաղի խանություն» գրքի առկայության մասին չի նշում

Վրաստանի կառավարությունը տեղեկություն է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ թանգարան այցելելու վերաբերյալ, տեղեկության մեջ չեն հիշատակվում ոչ «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, ոչ էլ Ալիևի հրապարակած գրառման մեջ նշված «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» վերնագրով գիրքը։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ծանոթացել է Վրաստանի ազգային թանգարանում պահվող ադրբեջանական մշակութային ժառանգության նմուշների լուսապատճեններին, որոնք արտացոլում են սոցիալական տարբեր շերտերի ադրբեջանցիների կյանքն ու արհեստը», — հայտնում է Ղարիբաշվիլիի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Վրաստան կատարած այցի ընթացքում ինքը երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելել է «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդես։

Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությունը այնուհետև հայտարարեց, որ ցուցահանդեսին ներկայացված է եղել «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» գիրքը, որի հեղինակը վրացի էթնոլոգ և գիտնական Էլդար Նադիրաձեն է։

Հիշեցնենք, որ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել էր Թբիլիսի՝ Վրաստանի կառավարության ղեկավարի հետ բանակցությունների նպատակով։

Կարդացեք նաև՝

«Ղարաբաղի խանության ժառանգությունը». ցուցահանդես՝ Ալիևի համար