Վրացական կողմն ապօրինի «սահմանագծման» հարցն է բարձրացրել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացել է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 118-րդ հանդիպումը։ Այսօրվա հանդիպմանը վրացական կողմը բարձրացրել է ապօրինի «սահմանագծման» և կալանավորման խնդիրները։

«Ապօրինի սահմանագծման առումով նախորդ հանդիպումից հետո երեք փաստ է արձանագրվել, որն ընդգրկել է Գորիի և Քարելիի մունիցիպալիտետներում։ Դա ապօրինի կայանքների՝ լարերի տեղադրման և թարմացման գործընթացնէր։ Նշված գործընթացն իրականացվել է Քարելիի մունիցիպալիտետի Կնոլև գյուղին և Չոլիբաուրի գյուղին հարող օկուպացված տարածքում։ Ինչ վերաբերում է Գորիի մունիցիպալիտետին, ապա նշված գործընթացը նկատվել է Զարդիանթկարի գյուղի մոտ»,- հանդիպումից առաջ լրատվամիջոցներին ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։

Ինչ վերաբերում է ապօրինի ձերբակալություններին, ապա, ըստ ՊԱԾ ներկայացուցչի, այսօրվա դրությամբ ապօրինի կալանքի տակ է գտնվում Վրաստանի վեց քաղաքացի. «Այսօրվա հանդիպմանը նրանց ազատ արձակումը կլինի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը»:

Հանդիպմանը վրացական կողմը փորձել է պարզել նաև անցյալ տարվա նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ ռուս զինվորների կողմից սպանված Թամազ Գինտուրիի գործի մանրամասները։

Ի դեպ, այս տարվա փետրվարի 13-ին Էրգնեթիում կայացել է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի 117-րդ հանդիպումը։