Վրացի ոստիկանները չեն փախչում երկրից. ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրին, ի պատասխան ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացվլիշվիլիի, ասել է, որ տեղեկությունները, թե վրացի ոստիկանները փախչում են երկրից, չեն համապատասխանում իրականությանը :

«Վերջին երկու տարում ՆԳՆ-ից դուրս է եկել 1 108 աշխատակից, ընդունվել՝ 1 047-ը։ Այն, որ մեր ոստիկանները թողնում են իրենց աշխատանքն ու փախչում, այդպես չէ։ Ցավոք սրտի, դրանք նույնպես հեռուստատեսությունների բարձրացրած թեմաներն են… Այս արտագաղթը տեղի է ունեցել 1990-2000-ականներին և տեղի է ունենում այսօր, նրանք հեռանում են ավելի լավ աշխատանք փնտրելու և ավելի բարձր վարձատրության համար:

Այնուամենայնիվ, դուք գիտեք, որ մենք բարձրացրել ենք աշխատավարձը 30 տոկոսով, ինչը շատ կարևոր է»,- ասել է Գոմելաուրին:

Ի դեպ, Վրաստանի իրավապահ մարմինների՝ երկիրը լքելու մասին լուրերը շրջում են դեռ նախորդ տարվանից: