«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Իրակլի Ղարիբաշվիլի. «Վրաստանը տարածաշրջանում ամենամեծ տարանցիկ ու տրանսպորտային ներուժ ունեցող երկիրն է»

Հունվարի 29-ին կայացավ Փոթիի ծովային նոր նավահանգստի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իր խոսքում, Վրաստանի վարչապետն առանձնակի կարեւորեց տրանսպորտային նոր ենթակաույցի ռազմավարական նշանակությունը ինչպես երկրի էկոնոմիկայի, այնպես էլ՝ Վրաստանի հա- մար տրանսպորտային տարանցիկ երկրի կարգավիճակի ամրապնդման գործում: — Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ Վրաստանի Սեւ ծովի դարպասների մոտ՝ Փոթիում եւ խոսել ձեր առջեւ։ Ինչպես գիտեք, 2020 թվականից Փոթիում նոր նավահանգստի լայնածավալ շինարարություն է իրականացնում «Pays» ընկերությունը, որը չափազանց կարեւոր ծրագիր է տարածաշրջանի համար։ Ներդրումների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 93 մլն դոլար, որը երկու փուլերի ավարտից հետո՝ կաճի մինչեւ 120 մլն դոլար։ Հատկապես կցանկանայի նշել նախագծում մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը։ Մասնավորապես, ԱՄՆ Դաշնային կառավարության Միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիան (DFC) հատկացրել է 50 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչը եւս մեկ վկայություն է, որ Վրաստանը գրավիչ երկիր է օտարերկրյա ներդրումների համար, եւ որ այն ամենամեծ տարանցիկ եւ տրանսպորտային ներուժ ունեցող երկիրն է տարածաշրջանում,- ելույթ ունենալով նավահանգստի բացման արարողությանը, նշեց վարչապետը։ Նշենք, որ նոր նավահանգստի կառուցումն իրականացվել է «Pays Group»-ի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) համատեղ ջանքերով։ Գերատեսչությունում նշում են, որ նոր նավահանգիստը Վրաստանի ծովային ոլորտում երբեւէ իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է, եւ դրա արժեքը հասնում է 120 միլիոն դոլարի։ «Pays Group»-ը տարածաշրջանում ամենամեծ տրանսպորտային ընկերությունն է, որի տարեկան միջին բեռնաշրջանառությունը գերազանցում է երեք միլիոն տոննան։ «Pays Group»-ում աշխատում է ավելի քան 1000 մարդ

Միխեիլ Չխենկելի. դպրոցների աշխատակիցների 73.6  տոկոսը պատվաստվել է

Ինչպես հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, դպրոցական տարածքում ուսումնական գործընթացի վերսկսմամբ ուսուցիչների եւ վարչական անձնակազմի թեստավորման գործընթացն ընթանում է ինտենսիվ կարգով։

Նրա խոսքով, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչները վերապատրաստել են ավելի քան 400 պետական եւ մասնավոր դպրոցների բժիշկների։ — Հենց վերապատրաստված բժիշկներն են այս դպրոցներում ապահովում կադրերի թեստավորումը Covid-19-ի համար։ Իսկ այն դպրոցներում, որտեղ բժիշկները դեռ չեն վերապատրաստվել, շարունակվելու է թեստավորման գործընթացը Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից։ Դպրոցներում անվտանգ միջավայրը առավելագույնի հասցնելու համար երկու անգամ պատվաստված կամ «Բուստերով» պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ թեստ են անցնելու կորոնավիրուսի համար, իսկ մեկ անգամ պատվաստված կամ չպատվաստված ուսուցիչները՝ շաբաթը մեկ ստուգվելու են արագ հակագենիկ թեստով: Մինչ այժմ պատվաստվել է ուսուցիչների եւ դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73,6 տոկոսը։ Վիրուսը կանխելու համար դպրոցներն ամբողջությամբ ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով, ինչպես նաեւ ջերմաչափերով եւ ախտահանող պատնեշներով։ Ուսուցիչների եւ աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են շարունակական մշտադիտարկումը Թբիլիսիի եւ Վրաստանի բոլոր շրջանների դպրոցներում,- հայտարարեց Միխեիլ Չխենկելին։

Նինոծմինդայի նոտար Ռոման Կոստանյանին շնորհվել է «պատվավոր նոտար»-ի կոչում

Հունվարի 29-ին անցկացվեց Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր նոտարների պալատի ընդհանուր ժողովը։

Միջոցառմանը նոտարների պալատի վարչության նախագահ Դավիթ Փութկարաձեն ներկայացրեց 2021 թվականի հաշվետվությունը։ Ընդհանուր ժողովում հաստատվեց պալատի 2022 թվականի բյուջեն, քննարկվեցին ընթացիկ տարում անցկացվելիք ծրագրերը։ Միջոցառմանը ներկա Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ նոտարներին ուղղված իր խոսքում, նշեց երկրի իրավական անվտանգության եւ մարդու իրավունքների իրականացման գործընթացում նոտարների գործունեության բացառիկ դերի մասին, եւ նոտարներին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։ Ընդհանուր ժողովի ավարտին անցկացվեց նորանշանակ նոտարների երդմնակալության արարողությունը։ Նոտարների պալատին ավելացավ 18 նոր նոտար։ Նորանշանակ նոտարների թվում են Սալոմե Գվարջալաձեն՝ Բորժոմիից, Թամթա Մաիսուրաձեն՝ Ասպինձայից, Նաթիա Ջմուխաձեն՝ Ծալկայից։ Նոտարների պալատի ընդհանուր ժողովում նոտարական գործունեության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, առանձին նոտարների շնորհվեց «Պատվավոր նոտար» կոչումը։ Պարգեւատրվածների թվում՝ «Պատվավոր նոտար» կոչման արժանացավ Նինոծմինդայի նոտար Ռոման Կոստանյանը։