Բիբիլովը խոսել է Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմում միավորման պայմաններ ստեղծելու մասին 

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ռուսական «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում խոսել է օս ժողովրդի՝ Ռուսաստանի կազմում լինելու անհրաժեշտության մասին։ 

Դե ֆակտո նախագահի խոսքով՝ «Հինգ քայլ դեպի Ռուսաստան» ծրագիրն անհրաժեշտ է՝ Ռուսաստանի կազմում Հարավային Օսիայի միավորման նպատակով պայմաններ ստեղծելու համար։  

«Սա իմ քմահաճույքը չէ, սա մեր ազգի ցանկությունն է դեռ անցյալ դարի 20-ականներից։ Օսերը բաժանված են, և այս խնդիրը պետք է լուծվի։ Շատերն ասում են, որ Հարավային Օսիան պետք է անկախ լինի, բայց անկախությունից ավելի կարևոր է էթնիկ խմբի միասնությունը, ընդհանուր ավանդույթները, սովորույթները, լեզուն»,- ասել է Բիբիլովը։ 

Ըստ Բիբիլովի՝ Հարավային Օսիան իր կամքից անկախ է լքել Ռուսական կայսրությունը, և դրա մասին է փաստում 90-ականներին անցկացված հանրաքվեի ժամանակ բնակչության 99,9%-ի կողմից Խորհրդային Միության կազմում մնալու կողմ դիրքորոշումը։ 

Բիբիլովի խոսքով, հանրապետության ղեկավարությունը ներկայումս փորձում է խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացը և տարբեր ոլորտներում պայմանագրեր կնքել։ 

Նշենք, որ Բիբիլովը պարբերաբար խոսում է Հարավային Օսիայի փաստացի հանրապետության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոյան վրաց-ռուսական պատերազմից հետո Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություններ։