Վրաստանը համերաշխություն է հայտնում Թուրքիային. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը:

Ղարիբաշվիլին գրառում է կատարել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բացված ցավակցական գրքում և իր ցավակցությունը հայտնել Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբային։

«Ցանկանում եմ մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը հայտնել թուրք ժողովրդին և այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Մաղթում ենք ամենայն բարիք և շուտափույթ ապաքինում այս ողբերգության հետևանքով տուժածներին։

Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ամուր համերաշխություն եմ հայտնում Թուրքիային այս դժվարին պահին»,- նշված է Ղարիբաշվիլիի ցավակցական հեռագրում։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հաստատվել է 17 հազար 134 զոհ։ Վիրավորների թիվը գերազանցում է 75 հազարը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը։ Սիրիայում զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է Վրաստանի 3 քաղաքացի։ Վրաստանի 2 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։