Վրաստանը կանգնած է Հունաստանի կողքին. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանում գնացքների բախման հետևանքով ողբերգության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և տասնյակ վիրավորների պատճառ է դարձել։

Ղարիբաշվիլին նշել է, որ երկրում հայտարարված սգո օրերին Վրաստանը կանգնած է Հունաստանի կողքին։

«Մեր աղոթքներն ու մտքերն այժմ ուղղված են նրանց, ում սիրելիներն այսօր մահացել են»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ Հունաստանում երկաթուղային աղետի պատճառով վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մարտի 1-3-ը հայտարարել է սգո օրեր, ինքն էլ գնացել է աղետի գոտի։

ԵՄ անդամ երկրները և Թուրքիայի ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել Հունաստանին։ Երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի։ 66 տուժած դեռևս հիվանդանոցներում են, նրանցից 6-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ աղետի գոտում՝ Լարիսա քաղաքի մոտ, որոնողափրկարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։

Հիշեցնենք. փետրվարի 28-ի գիշերը Լարիսա քաղաքի մոտ իրար են բախվել Աթենքից Սալոնիկ մեկնող և Սալոնիկից Լարիսա մեկնող բեռնատար մարդատար գնացքները, ուղևորների թիվը եղել է մոտ 350: Նրանք հայտնվել են միմյանց դեմ առ դեմ՝ նույն ռելսերի վրա։ Հունական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել են, որ հետաքննության շրջանակներում երկաթուղային կայարանի պետին արդեն մեղադրանք է առաջադրվել։

Բախման հետևանքով մարդատար գնացքի չորս վագոն դուրս է եկել ռելսերից, մեկը՝ հրդեհվել։ Թեսալիայի շրջանի նահանգապետ Կոնստանտինոս Ագորաստոսը լրագրողներին հայտնել է, որ երկու վագոնները գրեթե ամբողջությամբ ոչնչացել են։ Տեղի իշխանությունների հաղորդած տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքներին 150 փրկարարների հետ մասնակցում է նաև ոստիկանությունը։