Վրաստանը թույլ չի տա, որ Սաակաշվիլին միջամտի ընտրություններին. արտգործնախարարություն

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի միջամտել սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հարցը կքննարկվի ուկրաինական կողմի հետ` ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Այս հայտարարությունը Զալկալիանին արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի` Վրաստան պաշտոնական այցի ֆոնին: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ է:  2015-ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է: Սահակաշվիլիի կողմից հիմնադրված նախկին իշխող` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայումս համարվում է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը: Այս ընթացքում տարբեր առիթներով Սաակաշվիլին  բազմիցս է խոստացել վերադառնալ, ասել է, որ վայելել ու վայելում է  ժողովրդի մեծամասնության վստահությունը:

«Այլ երկրի գործերին միջամտությունը` ներառյալ ընտրական օրենսդրության խախտումը, բնականաբար, անընդունելի է: Այս մասին մենք ասացինք մեր ռազմավարական գործընկերոջը: Այս քայլն ընդունված  է դիվանագիտական ​​պրակտիկայում», — ասել է  նախարարը: Ըստ նրա` չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի Վրաստանը խորհրդակցությունների համար Ուկրաինայից հետ էր կանչել իր դեսպանին,  շփումներն ու հարաբերությունները ուկրաինացի գործընկերների հետ չեն խզվել:

Վրաստանը հայտարարեց իր դեսպանին հետ կանչելու մասին` 2020-ի մայիսին, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին նշանակեց Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: Դեսպան Շարաշենիձեն գրեթե մեկ տարի չէր վերադառնում Կիև: Ինչպես նշել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, գլխավորն այն է, որ երկրի օրենսդրությունը չխախտվի:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 2021-ի աշնանն են: Այս ընտրությունները առանձնահատուկ նշանակություն կունենան, քանի որ արտահերթ ընտրությունների ճակատագիրը, որը վեց ամիս ընդդիմության հիմնական պահանջն էր, կախված կլինի դրանց արդյունքներից: