Կորոնամտքեր՝ Ջավախքի կարոտով

Վերջին օրերին շատերս ենք դժգոհում, որ չգիտենք ինչպես լցնենք մեր օրը, տանը` չորս պատի մեջ խելագարվել կարելի է, ձանձրանում ենք ու այսպես շարունակ: Իսկ դժգոհելու առիթ մենք միշտ էլ ունենք: Առաջ էլ էինք դժգոհում․ ձմռանը ցուրտ էր, գարնանն անձրևոտ ու խոնավ, ամռանը շնչելու օդ չկար, աշնանը քամին էր խանգարում… Միշտ էլ դժգոհ ենք, բայց չէ որ մեր կյանքի ամենադրական ու գեղեցիկ պահերը եղել են ցուրտ ձմռանը` երբ խոշոր փաթիլների պարը մեզ հեքիաթ է հիշեցրել ու, չնայած ցրտին, մենք ժամերով քայլել ենք ձյան վրա, ու խռթխռթոց հիշեցնող մեր ոտնաձայները մեզ տարել են հեռո՜ւ հեռուներ: Անձրևի ժամանակ պատսպարվելու տեղ ենք փնտրել, վազել ենք ջրափոսերի վրայով, հիմա անգամ անձրևոտ օրերն ու թաց ոտքերով ջրափոսերի վրայով վազելն ենք կարոտում: Աշնան քամիներն ու կկոցած աչքերով տերևների պարերին հետևելն ենք կարոտում, արևոտ օրերն ու արև մարդկանց ենք կարոտում:

Հիմա էլ բողոքում ենք, որ տանն ենք` կտրված անձրևից, արևից, միմյանց բարևից ու ժպիտներից, երբեմն անգամ անիմաստ ու անտեղի հումորներից,  խոսակցություններից ու նույնիսկ բամբասանքից:

Վերջին օրերին բոլորին մտահոգող վիրուսի առաջացման ու տարածման հետ կապված օրական հազար ու մի վարկած եմ հորինում, որոնց հավատում եմ ու չեմ հավատում միաժամանակ. ի՞նչ է սա, ո՞ւմ էր պետք, ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ հենց հիմա, մինչև ե՞րբ…

Իհարկե, նաև հասկանում եմ, որ հիմա մեղավորներ փնտրել պետք չէ, առհասարակ ոչինչ անել պետք չէ, պետք է պարզապես մնալ տանը՝ չունենալով ամենատանջող հարցի պատասխանը` մինչև ե՞րբ.

Համոզված եմ, որ այս ամենը որքան արագ ու անսպասելի եկավ, այդքան ասպասելի էլ կնահանջի: Մեզ մնում է դասեր քաղել ու գնահատել այս օրերը, ժամանակը: Վերջապես կտրվել գաջետային իրականությունից ու շփվել ընտանիքի անդամների հետ: Ինչու չէ, վերանայել հին ալբոմները (ես, օրինակ ծնողներիս ալբոմներն ամեն անգամ թերթելիս ինչ-որ նոր բան եմ «հայտնաբերում»: Վերջին անգամ հորս սիրած աղջկա նկարը գտա: Միշտ ասում էր, որ ծանոթն է, իսկ այդ անգամ խոստովանեց` ծառայելու տարիներին մինչև ականջների ծայրը նրան է սիրահարված եղել: Վստահ եմ՝ բացահայտելու դեռ շատ բան կա ու ես դեռ շատ  առիթներ կունենամ ծնողներիս ու ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց ավելի լավ ճանաչելու համար):

Իսկ մինչ բոլորդ տանն եք` ձեր ընտանիքների հետ, ես իմ ընտանիքին եմ կարոտում:

Ջավախքում ապրող ընտանիքս ու տունս, որոնցից ինձ բաժանում է ընդամենը 260 կիլոմետր` 4 ժամվա ժանապարհ, երբեք ինձ այսքան երկար ու հեռու չէր թվացել:

Մերոնց հետ օրական մի քանի անգամ սկայպով, վայբերով ու կապի հնարավոր բոլոր միջոցներով խոսում ենք: Զանգում են ու հերթով` մայրս, տատս ու հայրս  զգուշաացնում, որ խստորեն պահենք հիգիենայի բոլոր կանոններն ու տանից դուրս չգանք: Հայրս, ինչպես միշտ, դրական նոտայի վրա է, կատակներ է անում, ասում-խոսում, ծիծաղում: Հետո պատմում է, թե օրական քանի անգամ է լվանում ձեռքերն ու ախտահանում: Մայրս հարցնում է` ուտելիք, փող ունե՞նք, տունը տա՞ք է, հո հիվանդ չե՞նք: 80-ամյա տատիս ժպտում է իր ապրեցնող ժպիտով ու ասում, որ «Ամեն բան լավ է լինելու, մենք ուժեղ ենք, մենք հայ ենք»։ Չգիտեմ՝ ինչ կապ ունի վիրուսը հայ լինելու հետ, բայց քանի որ տատին է ասում, մի տեսակ հավատում եմ, որովհետև ինքը երբեք հենց այնպես ոչ մի բառ չի ասում, ես էլ միշտ կուրորեն հավատում եմ իր ամեն մի խոսքին, մտքին ու սպասում եմ դրան հետևող ժպիտին, որն անգամ պատերազմի ու սովի տարիներին չի կորցրել:

Ինչևէ, էս օրերն ավելի դժվար կլիներ, եթե էս ամեն ինչը կատարվեր ասենք, օրինակ 90 ականներին: Հիմա գոնե ինտերնետի ու կապի ամենատարբեր միջոցների շնորհիվ հեռուն մոտ է թվում, կարոտում ենք մտերիմներին, բայց զանգում ենք, լսում ենք, տեսնում ենք, գիտենք, որ լավ են:

Մեզ մնում է սիրել, հոգ տանել ու օգնել իրար ինչով կարող ենք (ես օրինակ իմ 86-ամյա բարեկամուհու համար առևտուր եմ անում, որ տանից դուրս չգա: Մինչ այդ էլ եմ օգնել, սրանից հետո էլ եմ օգնելու):

Ավելի շատ ժպտալ: Ժպտալ նոր բացվող օրվան, արևին ու անձրևին, բոլորին, պատահական անցորդներին ու անծանոթներին հատկապես, նրանք դրանից ավելի շատ են շոյվում: Հա ու այս օրերին մեզ բոլորիս չէր խանգարի հավելյալ համբերությունն ու հանդուրժողականությունը։

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։