Վրաստանի անկախության գործում Կոստավայի մեծ ներդրումը չի մոռացվի․ Ղարիբաշվիլի

Այսօր Վրաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ-ի կազմից Վրաստանի դուրս գալու համար ծավալված շարժման առաջնորդներից Մերաբ Կոստավայի մահվան օրն է։ Նա մահացել է ավտովթարից 1989 թվականի հոկտեմբերի 13-ին, 50 տարեկան հասակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ուղերձում հիշել է այդ օրը։

«1989 թվականի հոկտեմբերի 13-ին Վրաստանը կորցրեց իր ականավոր զավակներից մեկին, որը վրացական խառնվածքի՝ արժանապատվության, ուժի և հայրենիքին նվիրվածության մարմնացում էր: Խոնարհվում եմ նրա օրհնյալ հիշատակի առաջ։ Մերաբ Կոստավայի մեծ ներդրումը Վրաստանի անկախության գործում, նրա հերոսական կյանքը միշտ կհիշվի մեր երկրում», — ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հատկանշական է, որ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսիի նախկին Լենինի փողոցը վերանվանվել է Մերաբ Կոստավայի անունով։ 2013 թվականին Մերաբ Կոստավան հետմահու պարգևատրվել է Վրաստանի ազգային հերոսի շքանշանով։