Վերլուծաբանները միաձայն են. հոսանքահարված աղջնակի մահվան մեղավորն իշխանություններն են

Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Ցավալի լուրին արձագանքեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր և քաղաքական շրջանակներ:

Վելուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խոսքով, Կալաձեն պետք է ստանձնի պատասխանատվությունն ու հրաժարական տա:

«Այս երեխայի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Կալաձեն»,- գրել է Բատիաշվիլին:

«Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման առաջնորդ Նոդար Ռուխաձեն գրել է, որ Կալաձեն հրաժարական չի տա:

«Ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչները թքած ունեն մարդկային ողբերգությունների վրա, ոչ էլ քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց հանցագործությունների համար։ Եթե ​​այդպես լիներ, ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներ չէին լինի»,- գրել է Ռուխաձեն:

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, ցուցադրաբար կպատժեն ընդունման ակտը ստորագրած էլեկտրիկին կամ Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակցին։

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, ամենասարսափելի ողբերգությունն է տեղի ունեցել, սակայն «ոմանք» արդեն փորձում են քաղաքական գնահատականներ տալ այդ ողբերգությանը:

RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեի կարծիքով, կոռուպցիայի և ձախողված պետության առաջին ահազանգը պարզ իրավիճակում կյանքին սպառնացող վտանգն է:

Վրաց նախկին դիվանագետ, քաղաքագետ Գիա Ջափարիձեն գրել է.

«Անցյալ դարի մութ 90-ականներին, նույնիսկ ամենավատ մղձավանջներում ինչը պատուհասում էր Վրաստանին, աներևակայելի էր թվում 2022 թվականին։ Վրաստանը միայն ձևականորեն է պետություն»:

Ըստ նրա, հասարակությունը նույնիսկ ձևականորեն հասարակություն չէ։

«Այսպիսի ողբերգություններ էլի կլինեն, քանի դեռ մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Վաղը երևի թե քայլելու ենք Վակեի Սովետական ​​այգում։ Լռելու ժամանակը չէ, բղավելու ժամանակն է»,- գրել է Ջափարիձեն: