Վրաստանի ընդդիմությունը պահանջում է հանրայնացնել ԵՄ թեկնածուի հարցաշարը․ Կոբախիձեն պարզաբանում է

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են հանրայնացնել Եվրամիության թեկնածուի հարցաշարը, ինչին ի պատասխան «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն նշել է, որ հարցաթերթիկը հանրայնացնելու կանոնները սահմանում է ԵՄ-ն։

Նրա խոսքով՝ ԵՄ սահմանած կանոնների շրջանակներում իրենք պատրաստ են լիարժեք թափանցիկություն ապահովել։ 

Կոբախիձեն նաև արձագանքել է ՀԿ-ների ներգրավմանը՝ ԵՄ թեկնածուի հարցաշարը լրացնելու գործում` ընդգծելով, որ հարցաթերթիկը պետք է լրացվի այն մարմինների կողմից, որոնք հետաքրքրված են Վրաստանի ԵՄ անդամագրմամբ, ոչ թե կառավարության ձախողմամբ։

«Մենք կասկածներ և հարցեր ունենք տարբեր թեմաների շուրջ. դա վերաբերում է արմատական ​​ընդդիմությանը և նրա «արբանյակներին», այդ թվում՝ այսպես կոչված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին․․․ բոլորն էլ լավ գիտեն, թե ով է շահագրգռված Վրաստանի հաջողությամբ և ձախողմամբ», — ասել է Կոբախիձեն։

Վրաստանին տրված ԵՄ թեկնածուի հարցաշարի հանրայնացման պահանջն առաջինը ներկայացրեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Վրաստանի»  ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեն, այնուհետև Լելո ընդդիմադիր կուսակցությունը, որին աջակցեցին նաև այլ կուսակցություններ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ Լյուքսեմբուրգում Վրաստանին հանձնվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ինքնագնահատման հարցաշարը: