Վրաստանի գործարարները պահանջում են մեղմել սահմանափակումները. ԱՆ-ն պատասխանել է

Վրաստանի գործարարները վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպում են պահանջում ու նրան առաջարկում հակաճգնաժամային ծրագրի իրենց տարբերակը:

Վրաստանի բիզնես ասոցիացիաները պետությունից պահանջել են Քովիդ 19-ի հետ կապված սահմանափակումների մեղմացում: Նրանց  գլխավոր պահանջը «պարետային ժամը» չեղարկելն է նաև ռեստորաններին թույլատրել հանգստյան օրերին ևս աշխատել:  Սա պետք է` զբոսաշրջային սեզոնին պատրաստվելու համար: Պահանջ կա նաև պատվաստման գործընթացն արագացնելու, միջին ու մանր բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու:

Գործարարների հակաճգնաժամային պլանի առաջին կետը պարետային ժամը հանելն է: Սա  բացատրում են նրանով, որ երկրում աշխատանքն այսպիսով ավարտվում է 4-5 ժամ շուտ, ինչի հետևանքով տնտեսությանը հասցված ամենօրյա վնասը կազմում է մի քանի միլիոն: Շուտով զբոսաշրջիկներ ընդունելու ժամանակն է, դրան պետք է պատրաստվել: Ըստ գործարարների` հյուրանոցային սեկտորն ավիրված է: Պետք է համագործակցել,  կառավարության հետ, քննարկել` ինչ են առաջարկելու զբոսաշրջիկներին, ինչպես են կազմվելու զբոսաշրջային փաթեթները:  Հանգստյան օրերին ռեստորանների չաշխատելու որոշումը բերում է բացարձակ չվերահսկվող ստվերային միջոցառումների: Իսկ զբոսաշրջիկները սոված են մնում:

Ըստ ծրագրի հեղինակների` պատվաստման գործընթացն արագացնելու համար դրական արշավ է պետք: Բիզնես ոլորտին չի գոհացնում ո’չ պատվաստման պրոցեսը, ո’չ դրա հետ կապված տեղեկատվական արշավները:  Ըստ ծրագրի հեղինակների` փոքր ու միջին բիզնեսն ամենաշատն է տուժել, ու պետք է լինեն պետության հոգածության ներքո: Խոսքը որոշ ուղղություններում սուբսիդավորման մասին է,  հարկային պարտավորություններից ազատում կամ գոնե թեթևացում: 

Գործարարները պահանջում են նաև դադարեցնել երկրում բացասական տեղեկատվական հոսքերը: Ըստ նրանց` լրատվամիջոցները զբաղված են միայն բացասականը ներկայացնելով. համաճարակային վատ իրավիճակ, տնտեսական անկում, քաղաքական ճգնաժամ, լարիի արժեզրկում, սպանություն և այլն:

Կառավարությունից ի պատասխան ասել են, որ ունեն պատրաստ փաստաթուղթ` զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների համար, որ իրենք գնահատում են երկրի տնտեսության վրա այս ոլորտի դրական ազդեցությունը, ուզում են շատ զբոսաշրջիկներ տեսնել, սակայն կոնկրետ պահանջները բավարարելու դեպքում միայն: Ըստ առողջապահության նախարարության` փաստաթուղթը կազմվել է միջազգային պահանջներով, որոնք ապահովում են զբոսաշրջիկի անվտանգությունը:  Գործարարների` մնացած պահանջների մասով անդրադարձ չկա:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով` 2021-ի առաջին կիսամյակում միջազգային ճանապարհորդների 134.700  այց է կատարվել, սա 2019-ի համեմատ 89,7% -ով քիչ է:

Հիշեցնենք` մարտին բացվեց երկրի օդային սահմանը, ընդլայնվեց այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները Վրաստան մուտքի իրավունք ունեն` առանց պարտադիր կարանտինի: