Վրաստանի ՊՆ–ի զինծառայողները մեդալով են վերադարձել զորավարժություններից

Մեծ Բրիտանիայում անցկացված Cambrian Patrol 2022 զորավարժություններին Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները հաջողությամբ են հանդես եկել։ Վրացի զինվորները Ուելսից Վրաստան են վերադարձել արծաթե մեդալներով, հայտնում է ՊՆ-ն։

Ըստ հաղորդագրության` զորավարժությանը մասնակցել է Վրաստանի պաշտպանության ուժերի J-2 հետախուզական վարչության և հատուկ գործողությունների ջոկատի ռեյնջերական գումարտակի զինծառայողներից կազմված թիմը։ Վրացի զինվորները 70 կիլոմետր տարածություն են հաղթահարել 48 ժամվա ընթացքում և նշված երթուղում հաջողությամբ կատարել 10 հետախուզական առաջադրանք։

Հետախուզական առաջադրանքները ներառում էին ականապատ դաշտերի հայտնաբերում և ելքերի կազմակերպում, առաջին բուժօգնության տրամադրում, հակառակորդի տեխնիկայի հայտնաբերում, հրետանու կրակի ճշգրտում և հակառակորդի ամրացված դիրքի վրա գրոհ:

Զորավարժությունը տեղի է ունեցել 10 օրվա ընթացքում Հյուսիսային Ուելսի լեռնային տեղանքում, որին մասնակցել են զինվորական գումարտակներ 30 երկրներից: