Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ճապոնիա

Մարտի 13-15-ը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:

«Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, քննարկումներ նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Մեր գինու համար Ճապոնիան հանդիսանում է առաջնային շուկաներից մեկը: Տոկիոյում կբացվի ցուցահանդես՝ «Վրաստանը գինու հայրենիք» խորագրով: Սա մեծ հնարավորություն է Ճապոնիայում Վրաստանը ներկայացնել ոչ միայն որպես գինու հայրենիք, այլև ի ցույց դնել մեր երկրի հարուստ մշակույթը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Բախտաձեն նաև ընդգծել է, որ Ճապոնիայում Վրաստանին լայն հնարավորություն է ընձեռված ներկայացնել բիզնես ոլորտի մեծ ներուժը: «Ճապոնիան այն երկիրն է, որի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է», -ասել է կառավարության ղեկավարը։