Վրաստանի ժողովրդագրական պատկերը բարենպաստ չէ. Լոմինաձե

Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։

Խորհրդարանի անդամ Դիմիտրի Խունդաձեն զեկույց է ներկայացրել Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության մասին՝ որպես պետության անվտանգության հիմնական որոշիչ գործոններից մեկը։ Նա անդրադարձել է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ մշակած ժողովրդագրական քաղաքականությանը, նաև խոսել է Վրաստանի կառավարության նախաձեռնությունների մասին, որոնք ուրվագծված են մի շարք ազգային և քաղաքական փաստաթղթերում։ Ըստ նրա՝ ժողովրդագրական խնդիրը կարևոր է, և դրա լուծումը պահանջում է բազմակողմ ներգրավվածություն։

Խորհրդարանի առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հրավիրած մասնագետ/փորձագետ Թամար Չիբուրդանիձե-Լոմթաձեն հանդես է եկել «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. իրականացված ծրագրեր և հետագա առաջարկություններ» թեմայով զեկուցմամբ։ Փորձագետը գնահատել է 2012 թվականից Վրաստանում իրականացվող ժողովրդագրական նախաձեռնությունները և դրանց արդյունքները, վերլուծել ներկա իրավիճակը և առաջարկություններ ներկայացրել:

Առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն նշել է, որ Վրաստանի ժողովրդագրական իրավիճակը 21-րդ դարում բարենպաստ չէ։ Ըստ նրա՝ բացի այն իրողությունից, որ բնակչության թիվը նվազել է, նաև ծնելիության մակարդակը ցածր է, մահացությանը՝ բարձր։

«Դրան, իհարկե, նպաստեցին քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակները, այս գործընթացի վրա լրջորեն ազդեցին Covid-ի համաճարակը, այս տարի Ուկրաինայում սկսված պատերազմը, արտագաղթի գործընթացները, որոնք ընդգրկեցին ոչ միայն Վրաստանը, այլև Եվրոպան և ողջ աշխարհը։

Թեև 2012 թվականից ի վեր իշխանություններն այս ուղղությամբ բազմաթիվ որոշումներ ու բանաձևեր են մշակել, սակայն իրավիճակը դեռ ծանր է։ Մենք պայմանավորվեցինք, որ կառավարության հետ միասին` հասարակության ակտիվ մասնակցությամբ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի կանխենք ՄԱԿ-ի կանխատեսումը, ըստ որի` մինչև 2050 թվականը Վրաստանը կլինի փոքր պետություն՝ համեմատած հարևան մյուս պետությունների հետ»,- ասել է Լոմինաձեն: