Վրաստանն առաջինն է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցով

Ուկրաինայի պետական ​​փոստի (Ukrpost) տվյալներով՝ Վրաստանը 191 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում Ուկրաինային մարդասիրական օգնություն (400 տոննա) փոխանցելու ծավալով։

Ըստ Ukrpost-ի՝ Վրաստանն ընդգրկվել է այն 14 երկրների ցանկում, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ են տալիս անվճար փոստային ծանրոցներ ուղարկել Ուկրաինա՝ իրենց նախընտրած հասցեատերերին։

Երկրորդ տեղում Ռումինիան է՝ 80 տոննա մարդասիրական օգնությամբ, որին հաջորդում է Բելգիան՝ 40 տոննա օգնությամբ։

Նշենք, որ Ukrpost-ի հրապարակած տեղեկատվությունը արտացոլում է ապրիլի 1-ի տվյալները։

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ փետրվարին է առաջին մարդասիրական բեռն ուղարկվել Ուկրաինա։

Ուկրաինացիների համար մարդասիրական օգնությունը հավաքել և ուղարկվել է Վրաստանի խորհրդարանի, Թբիլիսիի քաղաքապետարանի, պատրիարքարանի, Պարենի ազգային գործակալության կողմից։

Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը մեկնարկեց «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավը, որում վրացական ընկերությունների կողմից արտադրված կամ նրանց կողմից գնված տարբեր կարիքների արտադրանքը երեք փուլով ուղարկվում էր Ուկրաինա։

Ուկրաինա մարդասիրական բեռների առաքումը ապահովել է «Վրացական փոստը»՝ «Ուկրաինական փոստի» հետ համագործակցությամբ։ Միաժամանակ «Վրացական փոստը» արշավ է սկսել և ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության, Վրաստանի կառավարության որոշմամբ անվճար մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է առ այսօր: