Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության կարգավիճակին. Օրբան

Վրաստանում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը Վրաստանի եվրոպական նկրտումների կողմնակիցն է։

Օրբանն ասել է՝ արդարացի կլինի Վրաստանին հնարավորություն տալ մերձենալու Եվրամիությանը, ինչը, ըստ նրա՝ բխում է նաև եվրոպական շահերից։

Նրա խոսքով, բարեկամության խոր հիմքը Հունգարիայի և Վրաստանի համար ընդհանուր քրիստոնեական ավանդույթն է։ Նա հիշել է, թե ինչպես են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները միացել Եվրամիությանը, և ասել է, որ նրանք են ստեղծել Եվրամիության մրցունակությունը։

«Եթե այն ժամանակ Հունգարիան չմիանար (ԵՄ-ին -խմբ.), Եվրամիության տնտեսական աճի տեմպերը կնվազեին. վերջին 20 տարվա տնտեսական աճը կարելի է վերագրել հիմնականում Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի անդամակցությանը, ինչը նշանակում է, որ Եվրամիությանն անհրաժեշտ են նման դինամիկա, էներգիա, այնպիսի մարդիկ, որոնք ուզում են աշխատել, լինել ստեղծագործ: Նրանք, ովքեր հավակնություններ ունեն (միանալու ԵՄ-ին — խմբ.), եթե Եվրոպան չընդունի այդպիսի մարդկանց, ժամանակ կգա, երբ ի վերջո ԵՄ-ն կվճարի դրա գինը՝ կորցնելով իր մրցունակությունը»,- ասել է Օրբանը:

Նա նաև հավելել է՝ այս համատեքստում Վրաստանն այն երկիրն է, որը հատկապես արժանի է նշված ԵՄ-ի կարգավիճակին. «Իհարկե, տնտեսական ցուցանիշները, որ ունի երկիրը, բարձր են, և ես կարծում եմ, որ Եվրամիությունը շահեր ունի կապվելու կովկասյան տարածաշրջանի հետ, լավագույն լուծումը կապվելն է Վրաստանի միջոցով»: