Վրաստանն ու Հորդանանը ընդլայնում են առևտրատնտեսական համագործակցությունը

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օմար Բարաքաթ Մնավել Ալ-Նահարին։

Նախարարության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։

«Վրաստանի և Հորդանանի միջև համագործակցության խորացման մեծ ներուժ կա։ Մեր երկրի տնտեսությունն արագորեն զարգանում է։ Ինչպես հայտնի է, Վրաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր տարբեր երկրների հետ, ինչը մեր գործընկերներին հնարավորություն է տալիս Վրաստանի տարածքով դուրս գալու բազմամիլիոնանոց շուկաներ։ Ուրախ կլինեմ Վրաստանում հյուրընկալել իմ գործընկեր նախարարին, որպեսզի դեմ առ դեմ քննարկենք համագործակցության կոնկրետ ուղղություններն ու այն հնարավորությունները, որոնք կնպաստեն փոխշահավետ գործընկերության առավել ամրապնդմանը»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։

Օմար Բարաքաթ Մնավել Ալ-Նահարի խոսքով՝ երկու երկրների միջև սերտ գործընկերությունն ու փոխադարձ աջակցությունը կարևոր հիմք են տնտեսական կապերի խորացման և նոր հնարավորությունների զարգացման համար։

Զրույցը վերաբերել է Հորդանանից ձիթապտղի յուղի և բանջարեղենի ներմուծմանը, իսկ Վրաստանից դեպի Հորդանանի շուկա կենդանի և մորթված ոչխարի, «Հալալ» ստանդարտով սերտիֆիկացված թռչնամսի, պնդուկի, գինու, հանքային ջրերի և այլ ըմպելիքների արտահանման հարցերին։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լաշա Ավալիանին և Միջազգային հարաբերությունների ու եվրաինտեգրման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Չիտաիշվիլին։