Վրաստանում կրկին լարված է. Սաակաշվիլիի վիճակն ու ընդդիմադիրների գործողությունները

Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ. առավոտյան ժամը 10-ից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ցույցերը: Կառավարության շենքի մոտ հավաքվածները երթ են անցկացնում դեպի Արդարադատության նախարարության շենք:

Նոյեմբերի 8-ին, 20:00-ին Ռուսթավելի պողոտայի վրա՝ Խորհրդարանի մոտ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի գլխավորությամբ մեկնարկեց Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով ցույցը: Ցույցի պահանջներից է նաև «գողացված ընտրությունների վերադարձն» ու Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը:

Ավելի ուշ ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են գիշերել կառավարության շենքի մոտ: Առավոտյան արդեն, կառավարության շենք մոտ մի քանի հարյուր մարդ կար: Այստեղ ոստիկանները երկաթե պատնեշներ են տեղադրել:

Հիշեցնենք, որ Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երեկ երեկոյան տեղափոխել են Ռուսթավիի բանտից Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն, ինչը ևս ընդդիմության դժգոհության առիթ է դարձել:

Սաակաշվիլիի տեղափոխման մասին մինչ այդ տեղյակ չեն եղել ո’չ նախկին նախագահի մայրը, ո’չ էլ՝ փաստաբանը: Վերջիններս հայտարարել են, որ Սաակաշվիլին առևանգված է:

Նշենք նաև՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 40 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։