Վրաստանում մոբիլիզացվում են լրացուցիչ բժշկական բրիգադներ և կլինիկաներ

Վրաստանի կառավարությունը մտադիր է  մոբիլիզացնել  բժշկական բրիգադներ և տարածքներ` կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս գործընթացում կարեւորում է  կլինիկաների աջակցությունը, նաև պետության և առողջապահության համակարգի սերտ համագործակցությունը: Հանձնարարված է գնահատել առկա ռեսուրսներն ու հիվանդանոցների` լրացուցիչ մահճակալներ հատկացնելու կարողությունը: Ղարիբաշվիլին վստահեցնում է`  իշխանությունները պատրաստ են առավելագույն օգնություն ցուցաբերել կլինիկաներին` համաճարակաբանական իրավիճակն արդյունավետ կառավարելու նպատակով:

Հուլիսի սկզբին մասնագետները սկսեցին ակնարկել երկրում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 413 հազարը: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է  2712 նոր դեպք:

Վրաստանում բնակչության զանգվածային պատվաստումները սկսվել են հուլիսի 5-ին: Երկիրն ունի մի քանի պատվաստանյութերի բավարար պաշար: Այս պահի դրությամբ` 464.875  մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ,  153,128 քաղաքացի  ստացել է պատվաստման  ամբողջական դոզա: