Վրաստանում պաշտոնապես աշխատում է օտարերկրյա 41 հազար քաղաքացի

Վրաստանում պաշտոնապես աշխատում է օտարերկրյա 41 հազար քաղաքացի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալաիան` «Միգրացիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

«Էկոնոմիկայի նախարարության հետազոտության համաձայն՝ Վրաստանի աշխատաշուկայում աշխատող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է ավելի քան 41 հազար, իսկ նրանցից 33 հազարին տրվել է կացության թույլտվություն։ Թիվը մեծ է, և դրա համար մեզ արձագանքման մեխանիզմներ են անհրաժեշտ»,- ասել է Բարկալաիան։

Բարկալաիան նաև ասել է, որ արտագնա աշխատանքի մեկնած Վրաստանի քաղաքացիների համար նույնպես օրենքը պաշտպանության մեխանիզմներ է նախատեսում.

«Մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը մեր գործընկեր, ընդունող պետությունների, նույնը` Գերմանիայի զբաղվածության գործակալության և այլ երկրների հետ, որպեսզի ռիսկերը հնարավորինս ապահովագրված լինեն։

Բնականաբար, դեռ ռիսկ կա. Գերմանիայի օրինակը ցույց տվեց, որ թեև զբաղվածության գործակալությունը պաշտոնապես ներգրավված էր, բայց չվճարվող աշխատանքի խնդիր, այնուամենայնիվ, առաջացավ»,- ասել է Բարկալաիան: