Սև ծովի վրացական հատվածում ջրի որակը պարբերաբար կստուգվի

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 9 կայաններում 10 օրը մեկ ստուգվելու է Սև ծովի ջրի որակը։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ հետազոտության արդյունքում կորոշվի ծովի ջրի հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, այդ թվում՝ աղիությունը, ինչպես նաև կենսագեն տարրերը և այլ ցուցանիշներ։

«Վերցված նմուշները վերլուծության կուղարկվեն Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի ջրի և հողի անալիզի լաբորատորիա, որը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին և չափանիշներին»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին գործակալությունը հաղորդագրություն էր հրապարակել, որ լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ ջրի որակը նորմայի սահմաններում է։

Ի դեպ, վերջին օրերին Սև ծովում ջրի որակի վերաբերյալ ակտիվորեն տարբեր հարցեր են շրջանառվում։

Ուկրաինայի Խերսոնի մարզում Դնեպր գետի վրա գտնվող «Կախովկա» ՀԷԿ-ի ամբարտակը, որը գտնվում էր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում, հունիսի 6-ին պայթեցվել է։ Ուկրաինան ՀԷԿ-ի պայթյունի համար մեղադրում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինային։

Ամբարտակի փլուզումը լայնածավալ ջրհեղեղի և էկոլոգիական աղետի պատճառ է դարձել: