3000 թափուր տեղ վճարովի ստաժավորման համար

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հայտարարությամբ՝ սեպտեմբերի 1-ից, վարչապետի նախաձեռնությամբ, կառավարությունը կհայտարարի 3000 թափուր տեղ վճարովի ստաժավորման համար։

«Մեզ համար շատ կարևոր է, որ նոր արյուն, նոր սերունդ մտնի հանրային ծառայություն։ Սեպտեմբերի 1-ից կհայտարարենք մոտ 3000 թափուր տեղ վճարովի ստաժավորման համար»,- ասել է Ժորժոլիանին։

Նրա խոսքով՝ անցյալ տարի ստաժավորման մասնակիցների գրեթե 50%-ը կամ շարունակել է ստաժավորումը, կամ աշխատանքի է անցել պետական գերատեսչությունում, որտեղ անցել էր ստաժավորումը։

«Այս ծրագրով բոլորովին նոր սերունդ, մոտիվացված երիտասարդներ են մտնում հանրային կառույցներ, որոնք պետք է ծառայեն իրենց երկրին, փորձ ձեռք բերեն, բարձրացնեն որակավորումը և ստանան էլ ավելի շատ գիտելիքներ։ Հավատացնում եմ ձեզ, հանրային հատվածում ստացած գիտելիքն ու փորձը կյանքի բոլոր փուլերում, այդ թվում՝ բիզնեսում, կարող են պիտանի լինել այս երիտասարդներին, և մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը։ Սա վարչապետի նախաձեռնությունն է։ Մենք խնդրել ենք համայնքներին` ավելացնել քվոտաները ստաժավորման ուղղությամբ, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան իրենց տարածաշրջանում անցնել վճարովի ստաժավորում»,- ասել է Լևան Ժորժոլիանին։