Վրաստանում է Ռումինիայի պաշտպանության ուժերի շտաբի պետը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ռումինիայի պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Դանիել Պետրեսկուին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:

ՊՆ–ի փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սևծովյան տարածաշրջանի կայունության և զարգացման կարևորությանը, տարածաշրջանում Վրաստանի և Ռումինիայի միջև պաշտպանական երկկողմ համագործակցության աճող դինամիկային և ապագա հեռանկարներին։

«Ընդգծվել է ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի (SNGP) կարևոր դերը և Ռումինիայի ներդրումը փաթեթի նախաձեռնությունների հաջող իրականացման գործում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին հանդիպել է իր ռումինացի գործընկերոջը։ Երկկողմ հանդիպմանը գեներալները քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ընթացիկ հարցերը և ապագա անելիքները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ռազմական կրթության և ռազմական պատրաստության ուղղությամբ համագործակցության հարցերին։ Այցի շրջանակներում Պետրեսկուն հանդիպել է ՆԱՏՕ-ի հիմնական խմբի և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի (SNGP) նախաձեռնությունները: