Մեկնարկում է միասնական ազգային քննությունների գրանցումը

Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է միասնական ազգային քննությունների գրանցումը, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը ներառյալ:  

Գրանցումը հասանելի է միայն առցանց տարբերակով` գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի կայքում` online.naec.ge: Կայքը պարունակում է ուսուցիչներին ու դիմորդներին հետաքրքրող ողջ ինֆորմացիան:

Դիմորդների գրանցումն այս տարի մի քանի փուլով է.

մարտի 1-31-ն ընթացքի մեջ է լինելու միասնական ազգային քննությունների, ուսանողների համար գրանտային մրցույթի, ընդհանուր մագիստրոսական քննության, ուսուցիչների առարկայական ու մասնագիտական հմտությունների քննության, ավագ ուսուցիչների հատուկ քննության գրանցումը:

Նախորդ տարի գրանցված` ուսուցիչ-պրակտիկոսների մի մասի քննությունը հետաձգվել էր, նրանց համար գրանցում պետք չէ, պարզապես անհրաժեշտության դեպքում հարկավոր է մուտք գործել նշված էջ ու փոփոխել գրանցման տվյալները: Օրինակ` փոխարինել առարկան:

Քննությունների ու գնահատման ազգային կենտրոնը դիմորդների համար ուղեցույց է հրապարակել: Այն հասանելի է էլեկտրոնային տարբերակով, online.naec.ge-ում: Ուղեցույցում քննական պրոցեդուրաներն են, որոնք հարկ է հաշվի առնել:

Մարտի 1-31-ը դիմորդների համար առաջին փուլն է համարվում, այն հաջողությամբ անցնելու դեպքում մինչև ապրիլի 15-ը ներառյալ կարելի է տվյալներում փոփոխություններ անել` մասնավորապես փոխել առարկա կամ լեզու: