Տեսանյութ. Վթարից տուժած վերջին քաղաքացուն տեղափոխում են Հայաստան

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած Գայանե Բաղդասարյանին այս պահին վրացական ռեանիմոբիլով, բժիշկների հսկողության տակ տեղափոխում են Երևան:  51-ամյա կինը այս օրերի ընթացքում բուժում էր ստանում Թբիլիսիի New Hospital  հիվանդանոցում: Նա այստեղ էր տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում: Վթարից մեկ օր անց Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ էր ուղարկվել Թբիլիսի՝ վիրավորներին տեղափոխելու համար, սակայն հայ բժիշկները նպատակահարմար չէին գտել Գայանե Բաղդասարյանի տեղափոխումը:

Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրան դեռևս արհեստական շնչառության սարք է միացված:

10 օրվա բուժման ծախսը ՀՀ քաղաքացի Գայանե Բաղդասարյանի համար, ապահովագրության բացակայության պայմաններում Թբիլիսիի New Hospital-ում կազմել է ավելի քան 12 հազար լարի (ավելի քան 4000 $): 1000 լարի էլ արժեցել է հիվանդին վրացական ռեանիմոբիլով Հայաստան տեղափոխելը: Հարազատները նշում են, որ գումարը վճարելու հնարավորություն չունեն, բացի այդ` նրանց ուսերին է նաև Հայաստանում հետագա բուժման ծախսերը: ՀՀ առողջապահության նախարարությունը հոգացել է միայն վթարի հաջորդ օրը 3 քաղաքացիների` Հայաստան տեղափոխման հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ժամը 02։00-03։00-ի սահմաններում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը Թբիլիսի չհասած՝ վթարի էր  ենթարկվել: Վթարի հետևանքով երկու մարդ էր զոհվել՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոցներ։