Խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացված

Վրաստանի խորհրդարանի մուտքերի հարակից տարածքներում նոյեմբերի 28-ի վաղ առավոտից հավաքված են ընդդիմության անդամները և քաղաքացիական ակտիվիստներ: Ընդդիմությունը հայտարարել էր, որ արգելափակելու է խորհրդարանի մուտքերը:Խորհրդարանի մոտ ևս մեկ վրան է ավելացվել:

Տարածքում մոբիլիզացված են ոստիկանական ուժեր: Նրանք երկաթե պատ են դրել ցուցարարների և խորհրդարանի շենքի միջև:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլիի խոսքով՝ չնայած ոստիկանների թվին, իրենք կշարունակեն մուտքերի արգելափակումը:

Նոյեմբերի 28-ին, առավոտյան 10:00-ից խորհրդարանում նախատեսվում են հանձնաժողովների նիստեր անցկացնել, իսկ ժամը 12:00-ին նշանակված է լիագումար նիստ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել, երբ ձախողվեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը: Նրանց պահանջը արտահերթ համամասնական ընտրություններ անցկացնելն է: