Խորհրդարանն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը 83 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։

Օրենսդրական փոփոխությունների հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Անրի Օխանաշվիլին, Դավիթ Մատիկաշվիլին և Ռատի Իոնատամիշվիլին են։ 

Ըստ օրինագծի՝ պետական ​​մարմինը (Վրաստանի նախագահը, Վրաստանի խորհրդարանը, Վրաստանի կառավարությունը, Արդարադատության բարձրագույն խորհուրդը, գլխավոր դատախազը, Ազգային բանկի խորհուրդը և այլն) իրավասության վերաբերյալ դատական գործ կարող է հարուցել մեկ այլ մարմնի դեմ, եթե գտնում է, որ այդ մարմինը խախտել է իր սահմանադրական լիազորությունները։ 

Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ընդդիմությունը Սահմանադրական դատարանի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները գնահատել էր որպես հաշվեհարդար նախագահի դեմ։  

Նշենք, որ օրինագծի մշակումը սկսվել էր այն ժամանակ, երբ «Վրացական երազանքը» սկսել էր խոսել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ դատական ​​հայց ներկայացնելու մասին։ 

Կարդացեք նաև՝

Հաշվեհարդար նախագահի նկատմա՞մբ