Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին. ԱԳՆ

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել և Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին: Նման հայտարարություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ քանի դեռ պետական սահմանի սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:

«Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև չի ավարտվել պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը: Կառավարության սահմանազատման հանձնաժողովի մակարդակով կողմերը պայմանավորվել են պետական ​​սահմանի 160 կմ երկարության վերաբերյալ (մոտավորապես 71%): Աշխատանքներ են տարվում սահմանի մնացած՝ գրեթե 65 կիլոմետրը համաձայնեցնելու ուղղությամբ:

Սահմանազատման աշխատանքների ավարտման ամսաթիվը կախված է կողմերի միջև սահմանի ողջ երկարության հնարավոր համակարգումից: Ինչ վերաբերում է Խուճապի վանքին, ապա նրա գտնվելու վայրը չի կարող օրինականորեն որոշվել, քանի դեռ չի ավարտվել պետական ​​սահմանի սահմանազատումը», — նշում են արտգործնախարարությունից:

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը ավարտված է, և Խուճապի վանքը փոխանցվել է հայկական կողմին: