ԵՄ-ը խոսում է Մելիայի, Գվարամիայի, Ջափարիձե-Խազարաձեի և Սաակաշվիլիի մասին

Եվրամիությունը Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատման զեկույցում խոսել է
«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի, «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի, «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի և «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր ու Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։

«Քաղաքական սենսիտիվ (զգայուն) դատական ​​գործերը շարունակում են ազդել քաղաքական դաշտի վրա»,- ասվում է զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 12-ին։

ԵՄ-ի զեկույցի համաձայն՝ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունը հետագա բևեռացման պատճառ է դարձել:

«Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լելո» քաղաքական կուսակցության հիմնադիրներին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ 2022 թվականի հունվարին, Հանրային պաշտպանի գրասենյակը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բողոքել են մեղադրանքի դեմ», — ասվում է զեկույցում։

«2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Գվարամիայի գործով և նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկման։

Նախկին նախագահ Սաակաշվիլին, որ երկու անգամ դատապարտվել է, ու ևս երեք դատավարություն է սպասվում նրան, ձերբակալվել և բանտարկվել է Վրաստան վերադառնալուց հետո», նշված է զեկույցում:

ԵՄ-ը Սաակաշվիլիի վերաբերյալ նաև նշում է, որ 2021 թվականի աշնանը նախկին նախագահի բանտային տեսագրությունների հրապարակումը և նրա իրավունքների ենթադրյալ խախտումը, առողջության հետ կապված խնդիրներն ու դատական ​​նիստերին մասնակցելու իրավունքը մտահոգություն են առաջացրել:

Նշենք, որ Եվրամիությունը հրապարակել է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումների գնահատման զեկույցը։ Փաստաթուղթը, որտեղ խոսվում է առաջընթացի և հետընթացի մասին, հրապարակվել է օգոստոսի 12-ին՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի հաջորդ նիստից գրեթե մեկ ամիս առաջ։ Նիստը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։