Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 25

Հունվարի 3-ից հունվարի 5-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Որոշման համաձայն՝ պետական աշխատողները կունենան 9 հանգստյան օր։ «Հանրային կառույցներում աշխատողների համար 2024 թվականի հունվարի 3-ից հունվարի 5-ը արձակուրդ է սահմանվել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան որոշումը»:

2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության և ոտնձգության շուրջ 45 դեպք է արձանագրվել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին զեկույցում: Ըստ ՀԿ-ի՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես հարձակվել են իշխող կուսակցությանը քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ հասցնելով նրանց։ Կազմակերպության տվյալներով, 2023 թվականին հայտնաբերվել է մինչև 45 նման դեպք։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետին 4 նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխան ավտոբուս է հատկացվել: Մառնեուլիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ավտոբուսներն այսօրվանից սկսել են սպասարկել ուղևորներին:

Վրաստանում մինչև դեկտեմբերի 26-ի օրվա երկրորդ կեսը կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակը: