2023-ի քաղաքական տարին՝ ամփոփ

Վրաստանում 2023 թվականը լի էր մի շարք ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Մասնավորապես, Վրաստանի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալուց մինչև ներքաղաքական իրավիճակի սրում, անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության փլուզման գործընթացից մինչև ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի համաներում, տարածաշրջանային իրավիճակի սրացում, չեզոք քաղաքականություն և այլն: «Ալիք Մեդիան» 2023 թվականի քաղաքական ամենաքննարկված թեմաները ներկայացնում է ըստ ժամանակագրության:

Տարին լի էր Վրաստանի իշխանությունների՝ շատերի կողմից ռուսամետ գնահատված քայլերով: Օրինակ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանեց Վրաստանին և նրա կառավարությանը՝ «Արևմուտքին ընդդիմանալու համար»: Այս գնահատականի ֆոնին Մոսկվան հայտարարեց առաջիկայում Վրաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման մասին: Վրաց վերլուծաբանները Լավրովի հայտարարությունը տագնապահարույց որակեցին.

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ հավանության արժանացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, ինչին հաջորդեցին լայնածավալ բողոքի ակցիաներ։ Օրինագիծը քննադատության ենթարկվեց Վրաստանի արևմտյան գրեթե բոլոր գործընկերների կողմից: Նշվեց, որ այն կխոչընդոտի Վրաստանի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամագրմանը:

«Ոչ ռուսական օրենքին» խորագրով մեծամասշտաբ ցույցերի արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը որոշեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, ավելին՝ այստեղ:

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց վրացի 4 դատավորների նկատմամբ: Պատժամիջոցների տակ հայտնվեցին Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն: Պաշտոնական Թբիլիսին ԱՄՆ-ի քայլն անհասկանալի որակեց: Փորձագիտական դաշտի գնահատմամբ՝ այն, ինչ արեց ԱՄՆ-ն` Վրաստանի կառավարության սխալ, վնասաբեր քաղաքականության հետևանքն է։
Մայիսին Ռուսաստանը հանեց 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունեցին այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ հայտարարեցին՝ Պուտինը նման կերպ պարգևատրեց Վրաստանի կառավարությանը:

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ազատազրկելուց շուրջ մեկ տարի անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 22-ին, նրան ներում շնորհեց: Գվարամիայի ազատման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներում՝ դառնալով ներքաղաքական քննարկման նոր առիթ: Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ և միջազգային գործընկերներ Գվարամիային ներում շնորհելը դեպի Եվրոպա ճիշտ որոշում և քայլ որակեցին:

Հուլիսին քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին էր:  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ Վրաստանի իշխանություններին կոչ արեց Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Պաշտոնական Թբիլիսին մերժեց Կիևի կոչերը: Սաակաշվիլին շարունակում է պատիժը կրել բանտում, իսկ վրաց-ուկրաինական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ըստ փորձագիտական դաշտի՝ վրաց-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունն ամբողջությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ուսերին է:

Օգոստոսին ջերմացան Վրաստան-Չինաստան հարաբերությունները: Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հայտնի դարձավ Ղարիբաշվիլիի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ Վրաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության և երկու երկրների միջև կապերի խորացումը շատ նենգ ու վտանգավոր ծրագիր է: Ըստ նրանց՝ գործ ունենք Վրաստանի շահերի վաճառքի հետ:

Աշնանը՝ հենց սեպտեմբերին 1-ին իշխող թիմը հայտարարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին։ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը սեպտեմբերի 12-ին միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան (ՍԴ):

«Վրացական երազանքը» նախագահի պաշտոնանկության ընթացակարգ սկսեց, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։ Նախագահը հայտարարեց, որ շրջագայություն է սկսել, քանի որ իշխանությունը իրեն թույլտվություն չէր տալիս: Ըստ նախագահի՝ այդ քայլին է գնացել, քանի որ կարևոր էր Վրաստանի համար վճռական պահին հանդիպել ԵՄ առաջնորդներին: Որոշ վրաց վերլուծաբաններ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության սկսած պաշտոնանկության գործընթացը որակեցին Վրաստանի եվրոպական ընտանիքին միանալու գործընթացի վիժեցման փորձ:

Հոկտեմբերին խորհրդարան մտավ երկրորդ «ռուսական օրինագիծը»: Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը։

Օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ քաղաքացիները «Մերժում ռուսական օրենքին» խորագրով բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի հետնամասում: Քաղաքացիները խորհրդանշական կերպով վրաններ էին տեղադրել: Ըստ նրանց՝ օրինագիծը, ինչպես «գործակալների մասին» օրենքը, ռուսական օրենք է, ավելին՝ այստեղ:

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց։ Սակայն, Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունեց վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։ 9-ը նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Արդեն դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում կայացրեց: Եվրամիություն մտնելու ճանապարհին Վրաստանը մեկ քայլ ետ է մնում Ուկրաինայից և Մոլդովայից. վերջիններիս հետ մեկնարկում են անդամակցության բանակցությունները: Եթե ​​ԵՄ առաջնորդներն այլ որոշում չկայացնեն, Վրաստանի համար հաջորդ կարևոր ամսաթիվը 2024 թվականի աշունն է՝ ընդլայնման տարեկան փաթեթի հրապարակումը

Դեկտեմբերին քննարկված թեմաներից է նաև Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության փլուզման գործընթացը: ՄԱՇ-ի շարքերը լքում են երկրի տարբեր մունիցիպալիտետների սակրեբուլոներում: Ըստ քաղաքագետների՝ ՄԱՇ-ը լքողները, այսպիսով, փորձում են հավատարիմ մնալ կուսակցության որդեգրած հիմնական նպատակներին և խորհրդարանում չդառնալ «ձևական ընդդիմություն, մանրամասն՝ այստեղ: