ԱՄՆ-ն վրացի չորս դատավորի նկատմամբ պատժամիջոց է սահմանել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:

Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառում՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։

Բլինքենը հայտարարության մեջ նշում է, որ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հանրային վստահությանը Վրաստանի դատական ​​համակարգի նկատմամբ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում և կշարունակի ապահովել նրանց պատասխանատվությունը, ովքեր չարաշահում են հանրային իշխանությունն անձնական շահի համար: Մենք կանգնած ենք բոլոր այն դատավորների կողքին, որոնք ունեն անաչառ և անկախ գործելու քաջություն ու ազնվություն:

Պետդեպարտամենտի արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին առնչվող 2023 ֆինանսական տարվա հատկացումների մասին ակտի 7031(գ) բաժնի համաձայն, պատժամիջոցների ենթարկված անձանց և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- գրված է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը տեսաուղերձում արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից չորս վրացի դատավորների պատժամիջոցների ենթարկմանը:

Դեգնանի խոսքով, Պետդեպարտամենտը, հիմնվելով հավաստի և համաձայնեցված տեղեկատվության վրա, պարզել է, որ նշված անձինք ներգրավված են եղել էական կոռուպցիոն գործունեության մեջ՝ չարաշահելով իրենց հասարակական դիրքը։ Ըստ դեսպանի՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն, պատժամիջոցների որոշումների հիմքում ընկած է կոռուպցիայի մասին արժանահավատ տեղեկատվությունը։

«Կոռուպցիան և արդարադատության գործին միջամտությունը խոչընդոտում են Վրաստանի եվրաինտեգրմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին։ Պատժամիջոցի որոշումը կայացվել է հենց այս նպատակով։ Պատժամիջոցի որոշումը նաև ցույց է տալիս մեր անսասան աջակցությունը Վրաստանի բոլոր աշխատասեր, տաղանդավոր, բարեխիղճ և պրոֆեսիոնալ դատավորներին, որոնցից շատերին ես արդեն հանդիպել եմ: Նրանք պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց գործունեությունը և արդարադատություն իրականացնելու առանց ճնշումների»,- ասել է Դեգնանը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը տարիներ շարունակ հորդորում է վրացական իշխանություններին՝ էական բարեփոխումներ իրականացնել դատական ​​համակարգում։