Երեկվա օրը համառոտ. հունվարի 10

Հունվարի 10-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 962 827-ի:

Երեկ տեղի ունեցավ կառավարության նիստ, որի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի շարք հայտարարություններ արեց։ Վարչապետն անդրադարձավ Ղազախստանում տիրող իրավիճակին, այնտեղ գտնվող Վրաստանի քաղաքացիներին, և հայտարարեց, որ նրանք մոտ օրերս կվերադառնան երկիր։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի կառավարությունը շատ ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ 

Ղարիբաշվիլին նաև հայտարարեց, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսության արագ վերականգնումը կառավարությանը թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը՝ ընդգծելով, որ 2021 թվականին Վրաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվել:

Վարչապետի հաջորդ հայտարարությունը դեղերի գների իջեցմանն էր վերաբերվում: Ղարիբաշվիլին հայտարարեց, որ պատրաստվում են բացել թուրքական դեղերի շուկա, Թուրքիայից ներմուծել բարձր որակի դեղամիջոցներ, ինչի հաշվին էլ հնարավոր կլինի իջեցնել դեղերի գները:

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրամանով, կարգավիճակ ունեցող ուսուցիչներն այս տարվա հունվարից կստանան 100 լարիով (մոտ 32 դոլար) ավել աշխատավարձ։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հայտարարեց ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Այն կանցկացվի հունվարի 10-15 ընկած ժամանակահատվածում, 70 քննական կենտրոններում։ 

Երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաննայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև եվրոպական անվտանգության բանակցությունների ընթացքը։
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի կայունացում։ Հունվարի 10-11-ը Վրաստանի արևմտյան հատվածում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը։ Ցերեկը ցածրադիր գոտիներում սպասվում է +13, +18 աստիճան տաքություն, արևելյան հատվածում առանձին վայրերում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Առանց տեղումներկմի տաք եղանակը կպահպանվի մինչև հունվարի 13-ը։

Նորայր Միսկարյան